Նոյեմբերի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած և նոյեմբերի 12-ին Հայաստան վերադարձած 76-ամյա Լուսիկ Աբովյանը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:
Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Իջևանի բժշկական կենտրոնի բժշկուհի Էլմիրա Ենգիբարյանը:
«Ամեն ինչ նորմալ է, վիճակի մեջ ոչ մի նոր բան չկա: Ընդամենը հետազոտվել է, գնացել է տուն արդեն»,-ասաց բժշկուհին:
Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր Էլմիրա Ենգիբարյանը, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Լուսիկ Աբովյանի վիճակը բավարար է: Արտաքին բռնության հետքեր չկան:
«Շաքարն է նորմայից բարձր, ինչը բնական է, նա վախեցել է: Բայց, իր ասելով, իր հետ շատ լավ են վարվել՝ ի զարմանս ինձ ու բոլորի»,-նշել էր բժկուհին:
Նշենք, որ տարեց կնոջ խոսքով, եղանակը մառախլապատ է եղել, ինքն էլ սխալ ճանապարհով է գնացել ու հայտնվել Ադրբեջանի տարածքում:
«Գնացել էր պանիր գնելու, պանիրը գնել է, շփոթված ուրիշ տեղ է գնացել: Ասում էր՝ ամուսինս սպասում է, տանում եմ էս պանիրը: Պանիրը գրկած եկել էր»,-պատմել էր մեզ բժշկուհին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ նոյեմբերի 8-ին գերի է ընկել Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի բնակչուհի Լուսիկ Ղուկասի Աբովյանը (1939 թվականի ծնված)։
76-ամյա կինը նոյեմբերի 12-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո վերադարձվել է Հայաստան: