Կարևոր իրադարձություններ

Բաքվում զանգվաբար փակվում են խանութները. բնակչության գնողունակությունն ընկել է

13 Նոյեմբեր, 2015 20:27
Բաքվում զանգվաբար փակվում են խանութները. բնակչության գնողունակությունն ընկել է

Նավթի համաշխարհային գների շարունակական անկման հետ կապված Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով երկրի մայրաքաղաք Բաքվում սկսել են զանգվածաբար փակվել խանութները: Բաքվի ինչպես կենտրոնոկան, այնպես էլ ծայրամասային փողոցների խանութների ցուցափեղկերին հաճախակի կարելի է հանդիպել «Փակ է», «Տրվում է վարձով», «Վաճառվում է», «Փակվելու հետ կապված իսպառ վաճառք» գրություններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է minval.az կայքը` նշելով, որ փորձագետները նման միտումը բացատրում են մանաթի արժեզրկման պատճառով բնակչության գնողունակության նվազումով:

Կայքի հետ զրույցում անկախ փորձագետ Ռաշադ Ալիեւը նշել է, որ իր դիտարկումներով, ներկայում փակ են Բաքվի խանութների 5-7 տոկոսը:

«Քաղաքի ոչ ակտիվ գոտիներում դատարկ խանութների բաժինն ավելի մեծ տոկոս է կազմում: Նույն պատկերն է նաեւ առեւտրի կենտրոններում», -նշել է նա:

Փորձագետի խոսքով` Ադրբեջանի բնակչության տնտեսական ակտիվության նվազման առաջին ալիքը սկսվել է 2015 թվականի հունվարին: Երկրորդ ալիքը` փետրվարի վերջին մանաթի մոտ 34 տոկոսով արժեզրկումից հետո:

Տնտեսագետ Սեյֆալ Ալիեւն էլ նշել է, որ առեւտուրն Ադրբեջանում ընկել է երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով, քանի որ բնակչության ձեռքում այլեւս փող չկա, ինչպես նախկինում էր:

«Բնակչության եկամուտների առյուծի բաժինն այսօր գնում է սննդամթերք ձեռք բերելուն: Մթերային խանութներ չեն փակվել, ճգնաժամը վերաբերվել է միայն հագուստի եւ պերճանքի խանութներին: Կարծում եմ մոտ ժամանակում Բաքվի խանութների 20 տոկոսից ավելի կփակվի», - նշել է նա:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների տվյալների համաձայն` ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, երկրիի բյուջեն դեֆիցիտային է դարձել, եկող տարվա բյուջեն անցյալ տ արվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:

Լրահոս

Դիտել ավելին