Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի կադրերի, ռեժիմի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Խալիգ Մամեդովը «Մարդկային ռեսուրսների ֆորում Բաքու 2015» միջոցառման ժամանակ ունեցած ելույթում հայտնել է, որ SOCAR-ի հետ «Ազերիգազ» եւ «Ազերքիմիա» ընկերությունների միավորվելուց առաջ իրենց մոտ 73 հազար մարդ էր աշխատում, իսկ ներկայում իրենց աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 52 հազար մարդ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Marja.az-ը:
SOCAR-ի փոխնախագահը նշել է, որ կրճատվող աշախատակիցներին վճարել են կամ աշխատավարձի հնգապատիկը, կամ էլ աշխատավարձի 50 տոկոսը մեկ տարվա ընթացքում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` այս տարի զանգվածային կրաճատումներ են իրականացվել նաեւ «Ազերյոլսերվիս» եւ «Ազերինշաաթ» պետական ձեռնարկություններում:
«Թուրան»-ի հաշվարկներով, 2015 թվականի արդյունքներով աշխատատեղերը կկորցնեն ադրբեջանական բանկերի մոտ 5 հազար աշխատակիցներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով զանգվածային կրճատումներ են սկսվել նաեւ կրթության նախարարությունում:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պ ետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել: