Այսօր՝ նոյեմբերի 13-ին Երևանի Նոր Նորքի Սուրբ.Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ թատերագետ Լևոն Մութաֆյանի հոգեհանգստի արարողությունը:
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին Լևոն Մութաֆյանի հարազատները, ընկերներն ու գործընկերները:
Լևոն Մութաֆյանն, իհարկե, երևույթ էր, նրա տեղը դատարկ մնաց:
Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում նշեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
«Ինձ համար Լևոնն արտակարգ երևույթ էր: Նա թատերական ման եկող հանրագիտարան էր: Ուզածդ հարցով կարելի էր դիմել, առավելևս այն ամենի, ինչ վերաբերվում է հայ թատրոնին: Արտակարգ հիշողություն, վերլուծական արտակարգ ունակություններ ուներ: Ինձ հեշտ էր Լևոնի հետ շփվել: Մենք երբեք բախում չենք ունեցել, չնայած հաճախակի տարբեր կարծիքներ ենք ունեցել տարբեր երևույթների մասին: Լևոնն ուներ ուրիշի կարծիքը լսելու ունակություն, նույնիսկ չընդունելով այն, որը շատ գնահատելի է ինձ համար»,-ասաց Ռուբեն Բաբայանը:
Ըստ նրա, Լևոն Մութաֆյանի տեղը դատարկ մնաց և այսօր չկան մարդիկ, ովքեր կարող են լրացնել նրա տեղը:
«Մշտապես ինքնակրթման, ինքնակատարելագործման պրոցեսի մեջ էր, նա բացարձակապես չէր սահմանափակվում էր այն գիտելիքներով, որ ստացել էր: Շատ ակտիվ կարդացող էր, նաև փորձում էր իրեն դրամատուրգիայի մեջ»,-ասաց ռեժիսորը:
Ռուբեն Բաբայանի խոսքով, Մութաֆյանը չէր սիրում բողոքել առողջական խնդիրներից. «Հիշում եմ միայն, որ մոտ երկու շաբաթ առաջ մենք թատերական գործիչների փոքր խմբով մեկնեցինք Կապան՝ շնորհավորելու Կապանի թատրոնի հոբելյանը և երբ Գորիսից գնում էինք Կապան, ճանապարհին մի պահ ասաց՝ լավ չեմ զգում, դուրս եկավ մեքենայից, մի քիչ հանգստացավ, կարծեմ դեղ էլ խմեց ու շարունակեցինք ճանապարհը: Հետո երևի չկրկնվեց, որովհետև ինչքան գիտեմ, գնաց Թբիլիսի: Շատ ակտիվ էր, առույգ, բազմաթիվ պլաններ ուներ»:
Ռեժիսորի խոսքով, Մութաֆյանը նաև հիշաչար չէր, թեև բազմաթիվ մարդկանց հետ ունեցել է վեճեր ու անհամաձայնություններ, բայց հետո նորմալ կարողացել է նրանց հետ համագործակցել:
«Կարծում եմ, որ իր համար գաղափարը և ճշմարտությունը մի քիչ ավելի բարձր էր, քան նույնիսկ ընկերական հարաբերությունները և նա կարող էր ճշմարտությունը, այնպես ինչպես նա էր ընկալում, ասեր պարզ դեմքիդ, հաշվի չառնելով, որ դա կարող է քեզ մի քիչ նեղացնել կամ որոշակի ազդեցություն ունենալ ձեր ընկերական հարաբերությունների վրա, բայց կարծում եմ սա հենց գնահատելի է»,-ասաց Ռուբեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ թատերագետի դին հայտնաբերվել է նոյեմբերի 11-ին, Երևաբի «Աստորիա» հյուրանոցի լոգասենյակում:
Քննչական կոմիտեի տարածած հայտարարության համաձայն, թատերագետի մահը սրտային սուր անբավարարության հետևանք է: