«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար»,- պատմել է «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վկաներից մեկը, հաղորդում է Euronews-ը:
«Ես լսում էի, թե ինչպես էին նրանք վերալիցքավորում զենքերը: Համերգը դադարեցվեց, մարդիկ պառկած էին հատակին, իսկ նրանք շարունակում էին կրակել: Դա դժոխքի էր նման»,-պատմում է ականատեսը:
«Ես ու մայրիկս նետվեցինք հատակին, այնուհետ վազեցինք դեպի մուտքը, լսվում էին կրակոցների ձայները: Դա սարսափելի էր»,-պատմում է մեկ ուրիշ ականատես:
Վերջին տվյալներով, Փարիզում այս գիշեր տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է շուրջ 160 մարդ: Ավելի քան 200 վիրավորներից շատերը գտնվում են ծանր վիճակում: Չեզոքացվել է 8 ահաբեկիչ: Երկրի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել միաժամանակ 6 կետերում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչություններից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ով առաջարկել է իր օգնությունը:
Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ ահաբեկչությունների այս շարքը ոչ այլ ինչ է, քան պատերազմի հայտարարում: Le Parisien հանդեսը լույս է տեսել «Սա պատերազմ է» խորագրով, իսկ Le Figaro թերթը՝ «Պատերազմ Փարիզի կենտրոնում» խորագրով: