Կարևոր իրադարձություններ

Ասում էր՝ տղա ունենամ, ձեռքը բռնեմ ու քաղաքում շրջեմ. զոհված զինծառայողի ընկերը մանրամասներ է պատմում

14 Նոյեմբեր, 2015 11:27
Ասում էր՝ տղա ունենամ, ձեռքը բռնեմ ու քաղաքում շրջեմ. զոհված զինծառայողի ընկերը մանրամասներ է պատմում

Ինչպես արդեն ավելի վաղ գրել էինք, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից նոյեմբերի 12-ին զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Միքայել Թորոսյանը  ծնվել է 1996թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքում:

Shabat.am-ը զրուցել է Միքայել Թորոսյանի մտերիմ ընկերոջ՝ Տիգրան Վարդանյանի հետ, ով համաձայնեց պատմել մեզ Միքայելի մասին:

«Իր երազանքները շատ էին, երբ փոքր էինք, ձյուդոյի էինք հաճախում, երազում էր Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին: Երազում էր ծառայությունից հետո գար, աշխատեր, ամուսնանար: Ասում էր՝ տղա ունենամ, ձեռքը բռնեմ ու քաղաքում շրջեմ, էստեղ-էնտեղ տանեմ»,-պատմեց Տիգրանը, ով Միքայելին ճանաչում է 12 տարեկանից, այսինքն 8 տարուց ավելի:

Ընկերոջ փոխանցմամբ, Միքայելը սովորում էր Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում:

«Հավատարիմ, ընկերասեր, մեծատառով մարդ»,-այսպես բնորոշեց ընկերոջը Տիգրանը, հավելելով «Ինձ համար ինքը իդեալական ընկեր էր, եղբայր էր, մարդ, ում հետ կարելի էր ամեն ինչից խոսել: Անփոխարինելի է Միքոս ինձ համար…չգիտեմ ինչ ասեմ…»:

Երբ Տիգրանին խնդրեցինք պատմել Միքայելի հետ ունեցած ամենավառ հիշողության մասին, նա հիշեց հետևյալ պատմությունը.

«Ամենավառ հիշողությունն այն է, երբ ես, Միքոն և մեր մյուս ձյուդոյի ընկերները՝ Դավիթը և Մհերը, գնացել էինք Կոմիտաս պարապմունքի (այդ ժամանակ շաբաթվա 3 օրը Զեյթունում էինք պարապում, 3օրը՝ Կոմիտասում), ու ծիրանի ծառ նկատեցինք, դեռ վրան ցոգոլներ էին, որոշեցինք քաղել մի փոքր, մեզ հետ տանել: Դիմացի շենքի 2-րդ հարկում այդ փոքրիկ այգու ու ծառի տերն էր, մեզ նկատեց և աղով պատրոններով սկսեց կրակել մեր վրա: Չորսով փախչեցինք ու մեր ամբողջ հավաքած ցոգոլները մոռացանք մեզ հետ վերցնել…»:

Տիգրանը Միքայելի ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը՝

Նշենք, որ Միքայել Թորոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 17:30-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին