ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից նոյեմբերի 12-ին զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Միքայել Թորոսյանը Երևան քաղաքի բնակիչ էր:
Shabat.am-ի հետ զրույցում Միքայել Թորոսյանի հորեղբոր տղան՝Արման Թորոսյանը պատմեց, որ եղբայրը երբեք ծառյությունից չի բողոքել:
«Կարոտում էր: Առաջին հերթին ուզում էր ողջ-առողջ տուն վերադառնալ, իսկ ապագա պլանների մասին դեռ չէր խոսել: Վերջին անգամ խոսել ենք նոյեմբերի 11-ին»,-ասաց Արմանը:
«Միքայելը շատ բարի, հավասարակշռված անձնավորություն էր, շա՜տ ընկերասեր էր: Հանգիստ բնավորություն ուներ»,-եղբոր մասին շարունակեց պատմել Արմանը:
Նշենք, որ Միքայել Թորոսյանը 2003-2011թթ. սովորել է Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցում: 2011 թ. ընդունվել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը՝ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ և 2014 ավարտել է այն:
Հավելենք, որ Միքայել Թորոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 17:30-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: