Իրաքի հյուսիսում հայտնաբերվել է քուրդ-եզդիական համայնքի՝ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների կողմից սպանված կանանց զանգվածային գերեզման: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Press TV հեռուստաալիքը:
«Շաբաթ օրը Սինջար քաղաքի ծայրամասում, որը հենց այդ ժամանակ էր ազատագրվել քրդական աշխարհազորի կողմից, հայտնաբերվել է կանանց զանգվածային գերեզման: Գերեզմանը դեռ չի բացվել, սակայն տեղի խորհրդի անդամ Միասիրա Հաջիի վկայությամբ՝ այնտեղ թաղված են 40-80 տարեկան 78 կնոջ աճյուններ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում:
Սիրիայի սահմանի մոտ գտնվող Սինջար քաղաքը, որը հիմնականում բնակեցված է քուրդ-եզդիներով, ԴԱԻՇ-ը գրավել է անցյալ տարվա օգոստոսին: Այդ ժամանակ ծայրահեղականները մահվան սպառնալիքով եզդիներից պահանջել են իսլամ ընդունել և ԴԱԻՇ-ին հարկեր վճարել: Արդյունքում մոտ 40 հազար եզդիներ փախել են Իրաքյան Քրդստանի տարածք, 50 հազար եզդիներ էլ թաքնվել են հարևան լեռնային տեղանքում:
Ինչպես հաղորդել են Իրաքի լրավտվամիջոցները, ԴԱԻՇ-ի զինյալները անցյալ տարվա օգոստոսին եզդիների համայնքից ստրկության են տարել ավելի քան 300 կնոջ: