Ամսվա սկզբին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը դեռևս հունիս ամսին ներկայացվել էր խորհրդարան և ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Փոփոխությունների ընդունմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները՝ բացառությամբ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի, ԲՀԿ-ականներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Տիգրան Ուրիխանյանի, և մյուս չորս ընդդիմադիր խմբակցությունները: Միակ ձեռնպահը Վարդան Օսկանյանն էր ում համար ձեռնպահը ամենասիրած քվեարկության ձևն է: Փոփոխությոնները ուժի մեջ կմտնեն 2016թ. մայիսի 1-ից:
Կառավարությունը առաջարկում է բարձրացնել դիզվառելիքի, բենզինի, օղու և ծխախոտի ակցիզային հարկերը, ինչպես նաև ակցիզային հարկ սահմանել սեղմված գազի վրա, այն գազի, որն օգտագործվում է որպես ավտոտրանսպորտի վառելիք: Տարբեր գնահատականներով՝ կառավարությունը ակնկալում է, որ այս փոփոխությունների արդյունքում բյուջե հավելյալ կհավաքագրվի 6-9 միլիարդ դրամ: Հետաքրքիր է, որ օրենքում այս փոփոխությունը իրականացվում է, ոչ թե բյուջեն հավելյալ եկամտով ապահովելու հիմնավորմամբ, այլ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելիս որոշակի պարտավորություններ ստանձնելու համատեքստում:
Ուշագրավ է նաև, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ քվեարկած ՀԱԿ, ՀՅԴ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները դեմ քվեարկեցին այս փոփոխություններին: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը երևի իրենց վարքագիծը արդարացնելու համար, հայտարարեց, որ սա ոչ թե ԵԱՏՄ-ի պահանջով է իրականացվում, այլ Արժույթի միջազգային հիմնադրամի, չնայած կառավարության ներկայացուցիչն էլ էր պնդում որ դա արվում է ԵԱՏՄ պահանջներին համապատասխան:
Ընդդիմադիր խմբակցությունների անդամ և անկախ պատգամավորները պնդում էին, որ այս օրենքի ընդունումը լուրջ սոցիալական հետևանքներ է առաջացնելու: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասում է, որ այս տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, ապրանքաշրջանառության ծավալի անկումը կազմել է 5,6 տոկոս: Սա աննախադեպ անկում է, ապրանքաշրջանառության անկում արձանագրվել է մեկ էլ 2009թ., երբ ՀՆԱ-ն նվազեց 14,4 տոկոսով: Արծվիկ Մինասյանը մեկ այլ թիվ էլ ներկայացրեց. 2015թ. բյուջեով նախատեսված է հավաքել 57,9 միլիարդ դրամի ակցիզային հարկ, իսկ 2016թ. բյուջեի նախագծով նախատեսվում է այդ թիվը իջեցնել 53,5-ի, այսինքն՝ կառավարությունը արդեն կանխատեսում է հավաքագրման անկում: Եթե ակցիզային հարկը բարձրացվում է, ապա ենթաակցիզային ապրանքների գները ավելանում են, ինչի արդյունքում պակասելու է նաև այդ պրանքների սպառումը, և տնտեսական էֆեկտը լինելու է զրոյական, եթե ոչ բացասական:
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը համարում է, որ առաջարկվող փոփոխության արդյունքը կլինի այն, որ Հայաստանում արտադրվող օղին և ծխախոտը այլևս մրցունակ չեն լինելու նույնիսկ տեղական շուկայում, ինչի արդյունքում Հայաստանը ողողվելու է ռուսական արտադրության անորակ և էժան ապրանքներով, ինչը Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու ուղղակի արդյունք է: Քոքոբելյանը հիշեցնում է, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ճգնաժամերի ժամանակ կառավարությունները ոչ թե բարձրացնում են հարկերը, այլ ընդհակառակը՝ հարկային արտոնություններ են սահմանում, այդպիսով օժանդակելով բիզնեսի զարգացմանը, որովհետև մի կողմից ճգնաժամը, մյուս կողմից՝ բարձրացող հարկերը կարող են ընդհանրապես խեղդել բիզնեսը:
Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության մեկ այլ հակառակորդ՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս ասում է, որ ինքը ուրախ է, որ դեմ է քվեարկել այդ միությանը միանալու համաձայնագրին, և պահանջում է, որ այդ միության կողմնակից պատգամավորները պատասխանեն այն հարցին, թե ուր մնացին իրենց հավաստիացումները, որ ԵԱՏՄ-ին միանալու դեպքում Հայաստանը ունենալու է տնտեսական զարգացում, արտահանման և բարեկեցության աճ: Փաստն այն է, որ Հայաստանում մյուս տարի կանխատեսվում է 4 տոկոս գնաճ, իսկ աշխատավարձերի և թոշակների աճ ընդհանրապես չի նախատեսվում: Էդմոն Մարուքյանն ասում է, որ ավտոտրանսպորտի համար վառելիք ծառայող գազի վրա ակցիզային հարկի սահմանումն էլ կբերի տրանսպորտի թանկացման, և Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու հետևանքներից մեկն էլ այն կլինի, որ տրանսպորտի սակագինը 100 դրամից կդառնա 200 դրամ:
Միակ պատգամավորը, որը բոցաշունչ ելույթ ունեցավ և պաշտպանեց այս փոփոխությունները՝ գոնե ծխախոտի թանկացման մասով, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն էր, ով իրեն հռչակելով տնտեսագիտության խոշոր մասնագետ՝ որոշեց դասեր տալ բանասիրական կրթություն ունեցող իր գործընկերներին, ովքեր դեմ էին արտահայտվում այդ փոփոխություններին: Արսենյանն ասում է, որ այս փոփոխության արդյունքում Հայաստանում սիգարետի մեկ տուփը կթանկանա ընդամենը 10 դրամով, մինչդեռ ինքը, լինելով սիգարետի ներմուծմամբ զբաղվող ընկերության սեփականատեր, կողմնակից է, որ սիգարետը թանկանա տարեկան 25 դրամով:
Իր այս պնդումը Արսենյանը բացատրում է հակածխախոտային պայքարի մոտիվներով, որ ամբողջ աշխարհում ծխելու դեմ պայքարի լավագույն միջոցը ծխախոտի գնի բարձրացումն է, իսկ քանի որ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաշատ ծխող երկրներից մեկը, ապա այստեղ ևս պետք է բարձրացնել ծխախոտի գները: Արսենյանը կարծում է, թե դրա պատճառն այն է, որ Հայաստանում մեկ տուփ լեգալ ծխախոտը արժե 0,8 դոլար, մինչդեռ Բրիտանիայում այն արժե 10 ֆունտ, իսկ եվրոպական տարբեր երկրներում 3-6 եվրո: Արսենյանին այս տարբերությունը զարմացնում է և նույնիսկ զայրացնում:
Երևի խոշոր տնտեսագետ Արսենյանին որևէ մեկը պետք է հուշեր, որ Հայաստանում 0,8 դոլարը ավելի մեծ փող է, քան Բրիտանիայում 10 ֆունտը, որովհետև Հայաստանում նվազագույն աշխատավարձը 55 հազար է, իսկ դա ավելի քիչ է, քան 80 ֆունտը: Շվեյցարիայում, օրինակ, նվազագույն աշխատավարձը 5 հազար եվրո է, և այդ աշխատավարձով կարելի է գնել 800 տուփ սիգարետ, մինչդեռ Հայաստանում լավագույն դեպքում 200: Իսկ նվազագույն աշխատավարձ ստացողներ Հայաստանում տասնյակ հազարներով են, իսկ ավելի շատ են մարդիկ, ում ամսական եկամուտը ավելի ցածր է, քան նվազագույն աշխատավարձը:
Սա՝ իմիջիալյոց, որովհետև անկախ ամեն ինչից, օրենքն ընդունվեց: Կառավարության ներկայացուցիչ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը որևէ վտանգավոր բան չի տեսնում այս փոփոխությունների մեջ, քանի որ համարում է, որ թանկացումները այնքան էլ մեծ չեն, և օրինակ՝ գազի դեպքում թանկացում չի լինի, քանի որ այս ոլորտում եկամտաբերությունն այնպիսին է, որ գազալցակայանների սեփականատերերը իրենց վրա կվերցնեն այս բեռը, իսկ խմիչքների թանկացումը կվերաբերի ոչ միայն տեղական արտադրողներին, այլ նաև՝ ավելի մեծ չափով ներմուծվողին, և պետք չէ մտահոգվել, որ տեղական արտադրության ապրանքները կհայտնվեն ավելի վատ վիճակում, քան ներմուծվողները:
Ժողովրդական ասացվածքն ասում է՝ այդ ինչ է եկել վերևից, որ ներքևները չեն ընդունել: Սա վերաբերում է մեր խորհրդարանին. այդ ինչ է եկել կառավարությունից, որ ԱԺ-ն չի հաստատել, և նույն չափով վերաբերում է մեր ժողովրդին. իշխանությունը ինչ թանկացում կամ օրենքի խստացում է կատարել, որ ժողովուրդը չի ընդունել: Սա էլ կընդունի: