Կարևոր իրադարձություններ

Առաջին քայլը. ծանոթություն հասարակության հետ

15 Նոյեմբեր, 2015 21:40
Առաջին քայլը. ծանոթություն հասարակության հետ

Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀԱԿ կուսակցությունները չեն կարողացել նշանակել համապատասխանաբար 245 և 115 ներկայացուցիչներ, այսինքն՝ ըստ էության չեն գտել իրենց իսկ կողմից վստահելի այդքան մարդ, որպեսզի համալրեն հանձնաժողովների տեղերը: Որպես պատճառ բերվում է այն, որ իշխանությունները վախեցնում են մարդկանց, ճնշում են, կամ էլ շատերն անազնվորեն կաշառվում են: Իրականությունն, իհարկե, շատ ավելի խորն է իր մտահոգիչ պատկերով և խորությամբ:

Իշխանություններն, իհարկե, ստեղծել են մի մթնոլորտ, երբ հիրավի դժվար է գտնել 2000 մարդ, որոնք պատրաստ են ընտրական հանձնաժողովներում պահել ընդդիմության դիրքերն ու շահերը կամ ավելի ճիշտ՝ օրենքի դիրքերը: Եվ այն, որ իշխանությունները այստեղ գործադրում են թույլատրելի և անթույլատրելի ազդեցության բոլոր միջոցները՝ բոլորին հայտնի ճմշարտություն է:

Մյուս կողմից, սակայն, իշխանությունների նմաօրինակ պահվածքը, արձանագրելի լինելով, չի կարող որևէ դեպքում արդարացում լինել ընդդիմության համար, որ չի կարողանում ունենալ 2000 վստահելի մարդ տեղամասերի հանձնաժողովների համար: Այս իրողությունը չի կարող արդարացվել իշխանության լկտիությամբ և ամենաթողությամբ, որովհետև մենք կարող ենք գալ փայտի հակառակ ծայրից և ի վերջո՝ արձանագրել, որ իշխանությունները լկտիանում ու ցինիկանում են, ամենաթողությունը բարգավաճում է այն պատճառով, որ ընդդիմությունը չի կարողանում գտնել այդ 2000 մարդուն: Եվ վաղուց արդեն ակնհայտ է, որ այստեղ խնդիրը չի լուծվում միայն իշխանությունների պահվածքից բողոքելով, ինչքան էլ որ այդ բողոքը, դժգոհությունն ու մեղադրանքները լինեն միանգամայն արդարացի:

Վերջին հաշվով, հասարակությունը հոգնած ու զզված լինելով իշխանություններից, ցանկացած երևանյան ընդդիմությունից ավելի լավատեղյակ լինելով իշխանության իրական դիմագծի, լկտիության ու սանձարձակության, անօրինականությունների մասին, պետք է որ ուղղակիորեն անձնազոհաբար կանգներ դրանց հեռացնելու մասին հայտարարող, հեռացնելը նպատակ հռչակած ընդդիմադիր ուժերի կողքին, և այդ պայմաններում պետք է ոչ թե պակասեին մարդիկ, այլ հերթ լիներ հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչ նշանակվելու համար: Սակայն արի ու տես, որ իրավիճակը հակառակն է, և այստեղ եթե պատճառները փնտրվում են միայն իշխանությունների դաշտում, ապա դրանից շահում են հենց միայն իշխանությունները, ինչքան էլ որ սուր հնչեն մեղադրանքները և փաստերը նրանց հասցեին:

Եթե ընդդիմություն, այն էլ՝ միակ անկեղծ, իրական, իսկական, օրիգինալ և այլ որակումների ընդդիմություն ներկայացնող ուժերը չեն կարողանում անգամ լիարժեք նշանակումներ անել 2000 տեղամասային հանձնաժողովներում, ապա ինչպե՞ս կարող է հասարակությունը լիարժեք ընկալել իշխանությանը հեռացնելու նրանց մարտավարական մատուցումների բովանդակությունը: Պատճառները պետք է փնտրել նաև ընդդիմության դաշտում, բայց ոչ թե ընդդիմությանը չվստահելու մասին պարզունակ գնահատականներով, այլ ընդդիմադիր ուժերի մեթոդոլոգիական ճկունության բացակայության մասին քննարկումներով: Հայաստանում արմատապես փոխվում են հանրային տրամադրություններն ու ընկալումները ներքաղաքական պրոցեսների վերաբերյալ, բայց ընդդիմադիր հիմնական դերակատար ուժերի մոտ դեռևս հասարակության «հին» դիմանկարն է: Այստեղ արդեն ոչ թե անվստահության, այլ պարզապես իրար չճանաչելու խնդիրն է:

Անվստահությունը հաճախ կարող է լինել ճանաչելու հետևանք, բայց այստեղ խնդիրը հենց ճանաչելն է: Հայաստանում առաջացել է հանրության և ընդդիմադիր ուժերի նույնականացման, ճանաչման խնդիր, և ինչքան էլ տարօրինակ չլինի, Հայաստանում քաղաքական պրոցեսի արդյունավետությունն այլևս պահանջում է առաջին պարզ քայլը` ընդդիմությունը պետք է գնա հասարակության հետ ծանոթանալու: Եվ որպես ընդդիմություն քաղաքական արդյունավետության ակնկալիք կարող է ունենալ այն ուժը, որը կանի այդ քայլը և բնականաբար՝ կանի այնպես, որ ծանոթությունը լինի լիարժեք, ոչ թե հպանցիկ: Այսինքն՝ պետք է գնալ ծանոթանալու և հասկանալու հասարակությանը:

Լրահոս

Դիտել ավելին