Վաշինգտոնը մտադիր չէ հրաժարվել Սիրիայի փախստականներին ապաստան տրամադրելուց` կապված Փարիզի ահաբեկչությունների հետ, հայտնում է TASS-ը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Բեն Ռոդսը NBC հեռուսաալիքի եթերում:
Նա վստահություն է հայտնել, էր ամերիկյան անվտանգության ծառայությունները թույլ չեն տա խաղաղ բնակիչների տեսքի տակ երկիր ներթափանցել զինյալներին: «Մենք նախատեսել ենք ստուգման շատ լուրջ գործողություններ Սիրիայի բոլոր փախստականների համար, ովքեր գալիս են ԱՄՆ:
Թույլտվություն տալու այդ գործընթացում ներգրավված են հետախուզությունը, ազգային հակաահաբեկչական կենտրոնը, ազգային անվտանգության նախարարությունը: Մենք վստահ ենք, որ բոլոր նրանք, ովքեր կգան ԱՄՆ, կենթարկվեն մանրամասն ստուգման»,- հայտնել է Ռոդսը:
Այս տարի սեպտեմբերին Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտնել էր, որ ԱՄՆ-ը պլանավորում է մյուս տարի ընդունել առնվազն 10 հազար սիրիացի փախստական: