Կարևոր իրադարձություններ

Իրանը Հայաստանի հետ հարաբերություններն ակտիվացնում է՝ ելնելով տնտեսական լավ նկատառումներից

15 Նոյեմբեր, 2015 23:50
Իրանը Հայաստանի հետ հարաբերություններն ակտիվացնում է՝ ելնելով տնտեսական լավ նկատառումներից

Al Monitor լրատվական կայքում հրապարակվել է իրանցի լրագրող Ալիռեզա Ռամեզանիի «Իրանն ակտիվացնում է Հայաստանի հետ հարաբերությունները» խորագրով հոդվածը, որը որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև:

«Իրանը Հայաստանի հետ հարաբերություններն ակտիվացնում է՝ ելնելով տնտեսական լավ նկատառումներից։ Հոկտեմբերի 14-ին Թեհրանը, օգտվելով ընթացիկ տարվա հուլիսին իր միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված գործարքից հետո պատժամիջոցների մեղմացման հնարավորությունից, Հայաստան գործուղեց երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիին՝ ընդլայնելու համար երկկողմ տնտեսական հարաբերությունները։

Ջահանգիրիի խոսքերով, ով 2011 թվականից Երևան այցելած իրանցի ամենաբարձրաստիճան անձն է, Հայաստանը ԵՏՄ-ի անդամ միակ երկիրն է, ով ցամաքային սահման ունի Իրանի հետ և այդպիսով կարող է իրանական ապրանքների համար որպես «դարպաս» ծառայել դեպի Եվրասիայի ու Եվրոպայի 5 միլիարդանոց շուկա։

Իրանն ու Հայաստանն արդեն իսկ համաձայնագրեր են ստորագրել, որոնք երկու երկրների միջև բազում տարիներ պահպանում են սերտ հարաբերություններ։ Օրինակ՝ Հայաստանն Իրանին ապահովում է էլեկտրաէներգիայով, ինչի դիմաց գազ է ներկրում։ Սվոփը (փոխանակում) շարունակվելու է հետագա 15 տարում։ 2007 թվականին գազատարի վերաբերյալ կնքված համաձայնագրով՝ Հայաստանը մեկ խորանարդ մետր գազի համար Իրանին տրամադրում է 3 կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Անհրաժեշտ է նկատել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի վեճերը նրա համար Վրաստանն ու Իրանը դարձրել են լավագույն տարբերակներ՝ երկրի էներգետիկ կարիքները բավարարելու համար։

Ոչ վաղ անցյալում Ջահանգիրի կատարած այցը միտված է եղել իրանական այն նախագծերը վերակենդանացնելուն, որոնց իրագործումը կասեցվել է պատժամիջոցների ու անբավարար ֆինանսավորման պատճառով։ Հետաձգված նախագծերից մեկը վերաբերում է Հայաստան–Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գծին և Հայաստանի ու Իրանի միջև բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությանը, որը գնահատվում է մոտ 120 միլիոն։

Այն պետք է շահագործման հանձնվի 2018 թվականին, և Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման հզորությունը 300-ից հասցնի 1000 մեգավատտի։ Այցի ժամանակ Ջահանգիրիի արծարծած մյուս թեմաներից մեկը եղել Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցը, որը Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով ելք կապահովի դեպի Պարսից ծոցի հարավային երկրները։

Ջահանգիրին կոչ արեց կենտրոնանալ առևտրային երկկողմ համագործակցության վրա, ինչը կարծես թե ողջունվեց հայ գործարարների կողմից և հայտարարվեց, որ բանկային, տեղեկատվական ու գյուղատնտեսական ոլորտի 50 թոփ-մենեջերներ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կմեկնեն Իրան։

Դա կարող է համապատասխանել Հայաստանում առևտրային հանգույց ձևավորելու մասին Ջահանգիրիի արած առաջարկին, որի միջոցով իրանական ապրանքները կարող են (Հայաստանից) վերաարտահանվել ոչ միայն դեպի Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղըզստան (ԵՏՄ), այլև դեպի Եվրոպա ու ԱՄՆ։

Ներկա դրությամբ Իրանը Հայաստանի չորրորդ խոշոր առևտրային գործընկերն է ԵՄ-ից, Ռուսաստանից ու Չինաստանից հետո։ Հայաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը ներկայումս կազմում է 300 միլիոն դոլար, ինչը մոտ ապագայում պետք է հասցվի 1 միլիարդ դոլարի։

Ավելի վաղ՝ այս ամսում, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայնվեց իրանական կողմի արած առաջարկին՝ վերականգնելու համար խորհրդային ժամանակներում Հայաստանում կառուցված գործարանները։ Իրանական կողմն ասում է, որ այդ գործարանները կարող են հիմք ծառայել Իրանից ներկրվող կիսաֆաբրիկատների մշակման և վերջին հաշվով դրանք երրորդ երկրներ արտահանելու համար։

Սակայն Իսլամական Հանրապետությունը միայնակ չէ Հայաստանով հետաքրքրված լինելու հարցում։ ԱՄՆ-ը 1991 թվականին ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախացումից հետո միլիոնավոր դոլարների օգնություն է հատկացրել Երևանին։ Ավելին՝ Վաշինգտոնն արդեն վաղուց բանակցում է Հայաստանիկառավարության հետ՝ ընդլայնելու համար երկկողմ առևտուրն ու ներդրումային հարաբերությունները։ Եվ վերջապես, ԱՄՆ-ն էլ Իրանի նման (Հայաստանի) անկախացումից հետո աջակցել է Հայաստանի կառավարությանը՝ կապված հարևան երկրների հետ նրա քաղաքական ու տարածքային վեճերի հետ։ Երևանի ուղղությամբ Թեհրանի ու Վաշինգտոնի այս զուգահեռ ջանքերը կարող են հանգեցնել շահերի պոտենցիալ բախման՝ անգամ Գործողությունների միացյալ համալիր պլանից (միջուկային գործարք) հետո, որը որոշակիորեն կարգավորում է Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները։

ԱՄՆ-ի 2015 թվականի բյուջով Հայաստանի համար նախատեսված է 24.7 միլիոն դոլարի օգնություն։ Բացի այդ, Վաշինգտոնը կարողացել է տնտեսական մի շարք համաձայնագրեր կնքել Երևանի հետ, որոնք բոլորն էլ հարթակ են ապահովում երկու երկրների միջև ավելի խորը առևտրային ու տնտեսական համագործակցություն հաստատելու համար։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) տվյալներով՝ երկու երկրներն ունեն առևտրային հարաբերությունները բարելավելու մի շարք տարբերակներ, այդ թվում նաև Կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագիր ստորագրելու միջոցով, որն անհրաժեշտ է՝ փոխարինելու համար ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև 1974 թվականին ստորագրված և արդեն հնացած նմանատիպ պայմանագրին։

ANCA-ն կարծում է, որ այդ պայմանագիրը խոչընդոտում է Հայաստանում ԱՄՆ-ի կողմից ներդրումներ անելուն և երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին։

Իրանը Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջանային ռազմավարական առևտրային գործընկեր, միևնույն ժամանակ ԱՄՆ-ը տևական ժամանակ է, ինչ ներդրումներ է անում կովկասյան երկրում։ Իրանի ու ԱՄՆ-ի շահերի պոտենցիալ կոնֆլիկտը հորիզոնում կարող է վերաճել լուրջ մարտահրավերի։ Սակայն եթե այդ մարտահրավերը լուծվի ժամանակին և խելամտորեն, հնարավոր կլինի խուսափել կոնֆլիկտից, և իրանցի արտադրողների համար միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի միջոցով մատչելի կդառնա անգամ ամերիկյան շուկան»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

 

Լրահոս

Դիտել ավելին