Ինչպես ասում է հոգեթերապևտ Ֆրենկ Ֆարելլին, ժամանակակից աշխարհում տղամարդիկ հարկավոր են միայն երկու բանի համար՝ սերմնահեղուկի դոնոր լինելու և ծանր իրեր կրելու: Մնացած ամեն ինչը կանայք ի վիճակի են անել ինքնուրույն: Մի տեսակ կտրուկ է, չէ՞:
Իրականում մենք շատ հաճախ ստիպված ենք լինել ուժեղ և «տղամարդու» աշխատանք կատարել: Մենք վարում ենք մեծ ավտոմեքենաներ, ղեկավարում ենք ընկերություններ, ինչու չէ, որոշ երկրներում նաև ծառայում ենք բանակում, մեծ գումարներ վաստակում: Մենք ամեն օր փորձում ենք ապացուցել, որ կարող ենք ավելին, որ ոչնչով չենք զիջում տղամարդկանց:
Բայց ավաղ, միշտ չէ, որ ուժեղ, դոմինանտ ու անկախ լինելը լավ է: Կյանքի դժվարություններն ամրացնում են մեր բնավորությունը, ավելացնում կենսափորձը, գիտելիքն ու կրկնապատկում մեր ինքնավստահությունը: Մենք մեզ համար ստեղծում ենք պաշտպանիչ վահան, որը ժամանակի ընթացքում սկսում է վերածվել «երկրորդ մաշկի»: Երևույթների ընթացքն ուղղորդելը, դոմինանտ լինելը վաղ թե ուշ դառնում է կենսակերպ, և գալիս է մի պահ, երբ ինքնուրույնությունն ու լիդերի հատկանիշները գործնական միջավայրից տեղափոխվում են անձնական կյանք:
Ամուր հարաբերություններ և ընտանիք ստեղծելը սկսում ես դիտարկել որպես հերթական բիզնես նախագիծ, որի իրականացման համար չես կարող լինել թույլ ու կորցնել ինքնակառավարումը: Անձնական կյանքում, ինչպես կյանքի մյուս բոլոր ասպեկտներում, առաջնային խնդիրը մնում է անկախ լինելը և ինքնուրույն որոշում կայացնելը: Մենք, օրինակ, երեխա ենք ունենում միայն այն ժամանակ, երբ պատրաստ ենք դրան, այլ ոչ այն պատճառով, որ ժամանակն է կամ որովհետև նման ճանապարհով փորձում ենք ամրացնել հարաբերությունները մեր տղամարդու հետ:
Այս ամենը շատ լավ գիտակցելով՝ կստենք, եթե չասենք, որ մենք չենք ցանկանում լինել թույլ, շրջապատված լինել հոգատարությամբ, իսկ դրա համար պետք է մեր կողքին լինի այնպիսի տղամարդ, ում կարելի է վստահել, ում ծանոթ կլինի պատասխանատվության զգացումը, ում կարիքը մենք զգում ենք:
Ու բնավ չմտածեք, թե ողջ մեղքը պետք է բարդել տղամարդկանց վրա: Մենք, կամա թե ակամա, մեզ վրա ենք վերցրել գլխավոր դերակատարումը: Որոշ հարցերում, անխոս, մենք չափն անցնում ենք՝ փորձելով առաջ տանել մեր պատկերացումները, մեր կարծիքը, կառուցել համատեղ կյանքը մեր իսկ կարծրատիպերով: Այո՛, մենք այդպիսին ենք, բայց, եթե տղամարդը տեղի չտար, փորձեր հանդիմանել և անտարբեր մի կողմ չքաշվեր, սցենարը կընթանար միանգամայն այլ կերպ:
Հարցում
Հետաքրքիր էր իմանալ՝ արդյոք տղամարդիկ կցանկանային հարաբերություններ ունենալ լիդեր կնոջ հետ: Ահա պատասխանները.
Անձամբ ես չէի ցանկանա: Ինձ կյանքի ղեկավար պետք չէ, ես ավելի հակված եմ հանգիստ կյանքի։ Մայրիկի վերահսկողությունն էլ բավական է:
Արամ, 28 տարեկան
Նման կանայք արժանի են միայն հարգանքի. նրանք շատ բարդ ճանապարհ են անցել ու ոչնչից չեն ընկճվում: Բայց ինձ դուր են գալիս մեղմ, հանգիստ կանայք:
Վարդան, 40 տարեկան
Իրական ուժը թույլ լինելն է, կարողանալ կառավարել զգացմունքները, լսել ու հասկանալ զուգընկերոջը, անգամ եթե նա ճիշտ չէ, չծաղրել ու չընկճել նրան: Մեզ իրոք մեծ հաճույք է պատճառում, երբ զգում ենք, որ մեզ վստահում են:
Կարեն, 24 տարեկան
Ես խզեցի հարաբերություններս իմ նախկին ընկերուհու հետ հենց այն պատճառով, որ նա չափից ավելի ուժեղ էր: Այժմ իմ կողքին իրական լեդի է:
Լևոն, 35 տարեկան
Ես պաշտում եմ նման կանանց: Ես ունեմ բազմաթիվ բիզնեսներ, որոնց զարգացման գործում կցանկանայի մասնակցություն ունենար իմ սիրելի կինը, կիրառեր այդ խստությունը, դոմինանտությունը... բայց միայն աշխատանքում և ոչ մի դեպքում՝ մեր հարաբերություններում:
Հարություն, 37 տարեկան
Կարևորն այն է, որ ճիշտ ժամանակին կարողանանք փոխել սցենարի մեր հատվածը, դադարենք հարաբերություններում լինել գործունյա, վերահսկող, որոշում կայացնող. այդ դեպքում տղամարդն էլ չի լինի թույլ, անփույթ ու անպատասխանատու: Թույլ սեռը պետք է ինչ-որ չափով թույլ լինի: Տղամարդիկ սիրում են գրավել, հետևաբար՝ պարզապես պետք է լինել չափի մեջ անհասանելի, նուրբ և պարբերաբար սիրելի տղամարդուն թույլ տալ զգալ իրեն հաղթողի դերում: Մի խոսքով, եկեք գործնականում կիրառենք «Տղամարդը գլուխն է, կինը՝ վիզը» հայտնի արտահայտությունը:
cosmo.am