Կարևոր իրադարձություններ

Ովքե՞ր էին Սվետլանայի և Արթուրի հարսանիքի հայտնի հյուրերը, և ի՞նչ պատասխանատու գործ էր Սվետլանան վստահել սիրելիին

16 Նոյեմբեր, 2015 14:30
Ովքե՞ր էին Սվետլանայի և Արթուրի հարսանիքի հայտնի հյուրերը, և ի՞նչ պատասխանատու գործ էր Սվետլանան վստահել սիրելիին

Երգիչ Արթուր Հակոբյանը և երգահան Սվետլանա Բոսնոյանը նոյեմբերի 1-ին իրար հավերժ սիրելու խոստում են տվել: Հարսանեկան երեկոն վարել է հանդիսավար Գևորգ Եղիազարյանը, հայտնի հյուրերից ներկա էին Հովհաննես Բաբախանյանը, Լևոն Շարաֆյանը, Վիոլետ Գրիգորյանը, Հրաչյա Մխիթարյանը, Վահիկ Փիրհամազին, Հովհաննես Շահբազյանը, Անի Քրիստին, Նորոն, Ջոնին, Շավարշ Գևորգյանը, «Գևորգյան» պարային ակադեմիայի և «M Dance Studio»-ի հիմնադիրները: Զրույցում Սվետլանան պատմել է հարսանիքի մանրամասները:

«Շատ վաղուց էինք որոշել, որ ամուսնանալու ենք աշնանը, քանի որ Կալիֆոռնիայում տարվա այդ եղանակը լավագույնն է, իսկ օրն ավելի ուշ ընտրեցինք մեր սիրած թվերով՝ 1.11.15»,-ասաց Սվետլանան:

Հարսանիքի գրեթե յուրաքանչյուր դետալ զույգը միասին է ընտրել՝ բացառությամբ երաժշտական մասի. «Այդ պատասխանատու գործը լիովին թողել էի սիրելիիս հայեցողությանը: Արթուրի գաղափարով այդ օրը սրահում գերակշռում էին համաշխարհային հիթերի հնչյունները՝ հայտնի «Allen G» նվագախմբի կենդանի կատարմամբ, որի երաժիշտները հիմնականում այլազգի էին»:

Չնայած գույգն ապրում է ԱՄՆ-ում, բայց նրանք որոշ չափով պահպանել էին հայկական ավանդույթները. հարսի բակում հնչել է զուռնա-դհոլը, որն ուղեկցվել է հայկական պարով։ «Օտար ազգի հարևաններս զարմացած և ուրախ դուրս էին եկել տնից և հետաքրքությամբ հետևում էին ընթացքին»,-ընդգծեց Սվետլանան:

Երգահանի խոսքով՝ հարսանիքը լիովին համապատասխանում էր իր և Արթուրի պատկերացումերին և երազանքներին. «Միակ տարբերությունն այն էր, որ հայրենի հողի վրա չէր կատարվում մեր ուրախությունը, բայց հաստատ որոշել ենք, որ Հայաստան գալուն պես այդտեղ էլ ենք մի լավ խնջույք կազմակերպելու»:

Հարսանեկան զգեստի մասին խոսելիս Սվետլանան պատմեց, որ այն մոդելավորվել և կարվել է հատուկ իր համար։ «Իմ մանկության երևակայության հարսի զգեստն էր, կարող եմ ասել՝ ճիշտ պատճենը: Արթուրի համար այն գաղտնիք էր մինչև նոյեմբերի 1-ի առավոտը»,-պատմում է նորահարսիկը, իսկ Արթուրն ավելացնում է. «Անհամբերությամբ էի սպասում, թե երբ եմ տեսնելու Սվետլանային հարսանեկան զգեստով, և երբ առավոտյան հանդիպեցինք, ուրախությունս և հուզմունքս բառերով նկարագրել չեմ կարող»:

Զույգի հարսանեկան արարողությանը ներկա է եղել չորս հարյուրից ավել հյուր, այդ թվում՝ հայտնի արվեստագետներ, հասարակական գործիչներ և՛ Հայաստանից, և՛ Ռուսաստանից, ինչպես նաև ընկերներ, ովքեր ժամանել էին Կանադայից։ «Անակնկալներ շատ եղան թե՛ մեր ընկերների կողմից, թե՛ ընտանիքի անդամների կողմից, բայց օրվա մեծագույն անակնկալն Արթուրի երգն էր՝ ինձ նվիրված,- խոստովանում է նորաթուխ հարսիկը:- Ես այդ երգի մեղեդին լսել եմ հարսանիքից մեկ շաբաթ առաջ, միայն երբ բեմադրում էինք մեր առաջին պարը, իսկ խոսքերը լսեցի հենց նոյեմբերի 1-ին հարսանյաց սրահում: Հուզմունքից պատրաստ էի պարը կիսատ թողնել և վայելել երգը, բայց զսպեցի ինձ»:

Լրահոս

Դիտել ավելին