«Անոնիմուս» (Anonymous) հաքերային խմբավորումը «պատերազմ» է հայտարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ ի պատասխան Փարիզում մոտ 130 մարդու մահվան պատճառ դարձած հարձակումների, գրում է The Independent-ը։
Խմբի աշխատանքն ԻՊ-ի դեմ սկսվեց այն բանից հետո, երբ հունվարին գրոհայինները «Շարլի Էբդո» երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակումից գործեցին։
«Ողջ աշխարհից անոնիմուսները ձեզ կհետապնդեն: Դուք պետք է իմանաք, որ մենք կգտնենք ձեզ և թույլ չենք տա, որ հեռանաք»,- ասում է «Անոնիմուս» (Anonymous) հաքերային խմբավորումը:
«Մենք երբևէ իրականացված ամենամեծ գործողությունը կսկսենք ձեր դեմ: Սպասե՛ք մեծ կիբեռհարձակումների: Պատերազմը հայտարարված է: Պատրաստվե՛ք: Ֆրանսիացիներն ավելի ուժեղ են, քան դուք, և այս վայրագությունից հետո է՛լ ավելի ուժեղ կլինեն»,- ասում են նրանք:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է հնչել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում: Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել: Վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 130 մարդ, մոտ 300 հոգի՝ վիրավորվել։