Կարևոր իրադարձություններ

Նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սվեին Առնե Հանսենին և գլխավոր քարտուղար Քրիստիան Միլցին

16 Նոյեմբեր, 2015 20:36
Նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սվեին Առնե Հանսենին և գլխավոր քարտուղար Քրիստիան Միլցին

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սվեին Առնե Հանսենին և գլխավոր քարտուղար Քրիստիան Միլցին, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Կողմերը խոսել են Հայաստանում աթլետիկայի զարգացման հնարավորությունների և այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքների մասին: Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել աթլետիկայի միջազգային ֆեդերացիային և մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիային՝ մարզաձևի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի համար: «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ, միջազգային մրցաշարերի և սեմինարների կազմակերպման մեծ փորձ ունի: Ուրախությամբ պետք է նշեմ այս ուղղությամբ միջազգային և եվրոպական ֆեդերացիաների ցուցաբերած մեթոդական և կազմակերպչական օգնությունների մասին»,- նշել է նախարար Գ. Ղազարյանը:

Սվեին Արնե Հանսեն նախարարին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր գոհունակությունը հայտնել ընթացիկ տարում Երևանում կազմակերպված կիսամարաթոնի առիթով: «Մարաթոնն ամենամասսայական մարզական միջոցառումներից մեկն է: Դուք արդեն դրա կազմակերպման փորձն ունենք և թույլ տվեք Ձեզ փոխանցել նաև 2016 թվականի հոկտեմբերի 12-ին հաջորդ կիսամարաթոնը Երևանում կազմակերպելու պաշտոնական հրավերքը»,- ասել է եվրոպական կառույցի ղեկավարը և ավելացնել, որ Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիան կարևորում է հնարավորինս շատ մարդկանց սպորտում ներգրավվածությունը:

Նշենք, որ վաղը՝ նոյեմբերի 17-ին, Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սվեին Արնե Հանսեն և գլխավոր քարտուղար Քրիստիան Միլցը նախարար Ղազարյանի ուղեկցությամբ հանդիպելու են նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Լրահոս

Դիտել ավելին