Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը 50 կիլոմետրանոց սահմանային գոտում խստացնում է անվտանգության միջոցառումները։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին։
Նրա խոսքերով՝ այդ առաջադրանքը դրվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի վրա, որը կհամակարգի բանակի ու ոստիկանական ուժերի համատեղ գործողությունները։
Ֆազլին հայտարարել է, որ իրենք տարբեր աղբյուրներից ստացել են Իրանի հասցեին սպառնալիքներ և համոզվել են, որ Իրանը մշտապես եղել է ահաբեկիչների գլխավոր թիրախներից մեկը, ինչի մասին վկայել են նաև ահաբեկիչներից առգրավված փաստաթղթերը։
Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը վերստին ԴԱԻՇ-ի զինյալներին զգուշացրել է, որ նրանք իրանական սահմանին չմոտենան 40 կիլոմետրից ավելի, հակառակ դեպքում Իրանը խորտակիչ հարված կհասցնի նրանց։