Ֆրանսիան Փարիզի ուրբաթօրյա ահաբեկչություններից հետո պարտավորվում է «ոչնչացնել» այսպես կոչված` «Իսլամական պետություն» խմբավորումը:
Այս խոսքերով է հանդես եկել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը` ելույթ ունենալով Ֆրանսիայի Կոնգրեսի առաջ: FRANCE 24-ի փոխանցմամբ` նրա ելույթին հետևել է երկրի ազգային օրհներգի` «Մարսելյեզի» կատարումը Կոնգրեսի կողմից:
Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ցանկանում է 3 ամսով երկարաձգել երկրում արտակարգ դրության ռեժիմը:
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ` Ֆրանսուա Օլանդն արդեն հայտարարել էր, որ ֆրանսիական ռազմածովային նավատորմի ավիակիր է ուղարկում Սիրիայի ափերի մոտ` ԻՊ-ի դեմ պայքարն առավել ինտենսիվ դարձնելու համար: