Կարևոր իրադարձություններ

Կասպերսկին խորհուրդ է տալիս չօգտվել սմարթֆոններից

17 Նոյեմբեր, 2015 20:11
Կասպերսկին խորհուրդ է տալիս չօգտվել սմարթֆոններից

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015թ. մրցանակին արժանացած «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիին նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բարձրագույն պարգևի` Ոսկե մեդալի դափնեկիր է: Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության ղեկավարի հանդիպումը ոլորտի ներկայացուցչների և ուսանողների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կասպերսկին հադես եկավ դասախոսությամբ, որի առանցքում թվային տեխնոլոգիաների աշխարհի առջև ծառացած մարտահրավերներն էին ու դրանց դեմ պայքարելու իրենց ջանքերը: Նրա խոսքով` մենք ապրում ենք մի աշխարհում, ուր կախված ենք թվային տեխնոլոգիաներից, որոնք շատ խոցելի են: Ամենուր հարձակումներ են ցանցի վրա:

«Զարմանալի չէ, որ համակարգչային անվտանգությունը համաշխարհային նշանակության հարց է դարձել, որը քննարկման թեմա է դառնում միջազգային տնտեսական համաժողովների ժամանակ, գերտերությունների ղեկավարներն են դա քննարկում»,-ասաց Եվգենի Կասպերսկին:

Ռուս տեխնոլոգի կարծիքով` կիբերհանցավորությունը դարձել է ոլորտի մասնագետների գլխացավանքը:

«Այսօր աշխարհում 100 հազար մարդիկ զբաղված համակարգչի միջոցով գումար գողանալով, նրանք դա անում են մարդկանց շանտաժի ենթարկելու և գումար շորթելու միջոցով: Նրանց թիրախը տեղեակտվությունն ու դրա կրողներն են: Ցավոք, այդ գործողությունը հովանավորվում է տարբեր երկրների կողմից»,-նշեց մասնագետը:

Նա խոսեց նաև կիբերահաբեկչության մասին, որը հարձակումն է տարբեր համակարգերի վրա, ինչպիսիք են, օրինակ, ֆինանսական ծառայությունների ոլորտը, հեռահաղորդակցությունը:

Կասպերսկին ներկայացրեց թվային տվյալներ, որոնց համաձայն, եթե մոտ 10 տարի առաջ իրենց ընկերության կողմից հավաքված, մշակված ու վերլուծված վիրուսային ծրագրերի արխիվը հասնում էր մոտ կես միլիոնի, ապա այժմ այդ ծրագրերի թիվը 260 միլիոն է: «Մենք մի քանի հարյուր հազար, նույնիսկ միլիոնավոր ֆայլեր ենք մշակում ամեն օր, որոնցից 2-3 հազարը հանդիսանում են չափազանց վտանգավոր ծրագրեր:

Հիմա ձեռքով դա անել հնարավոր չէ, և մենք պատրաստում ենք ռոբոտներ, որ մեր փոխարեն կատարեն այդ աշխատանքը»,-ավելացրեց Կասպերսկին:

Նրա խոսքով` մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ բջջային հեռախոսների վիրուսներն ավելի քիչ են տարածված, մինչդեռ, մասնագետի հավատմամբ` վերջին տարիներին խելացի հեռախոսների վրա կիբեր հարձակումները բազմապատկվում են տարեցտարի: Հատկապես հարձակումների թիրախ են դառնում Անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսները:

«Մինչև 2011 թվականը հարվածները հեռախոսների վրա աննշան էին, բայց 2012-ից սկսած` դրանք սկսեցին մեծապես աճել: Պատճառն այն է, որ բանկերն իրենց ծառայությունները հասանելի դարձրին սմարթֆոնների օգնությամբ»,-հայտնեց մասնագետը: Նա խո րհուրդ տվեց չունենալ սմարթֆոն և, առավել ևս, չօգտվել բանկային ծառայություններից հեռախոսի միջոցով:

Նրա խոսքով` հարձակումների հաջորդ թիրախը խելացի հեռուստացույցներն են, որոնք ևս թույլ են տալիս իրականացնել բանկային գործարքներ:

Կասպերսկին անդրադարձավ նաև ավանդական կիբերմաֆիային, ըստ նրա, մինչ համակարգիչների ստեղծումը եղած գողության ձևերը ներխուժում են ցանցային տիրույթ: «Քանի որ արդյունաբերության մեջ ամեն ինչ ավտոմատացվում է, ապա ավանադական գողությունը հնարավոր է կատարել կիբեր դաշտում»,-ասաց Կասպերսկին:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակիրը «Կասպերսկի լաբորատորիա» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին է:

Եվգենի Կասպերսկին կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ ու հաջողակ ձեռնարկատեր է: «Կասպերսկի լաբորատորիան» համարվում է կիբերանվտանգության լուծումների աշխարհի մեծագույն մասնավոր ընկերություններից մեկը: Այն ունի 40 տարածաշրջանային գրասենյակներ աշխարհի 200 երկրներում, այդ թվում` Հայաստանում:

Լրահոս

Դիտել ավելին