Լոնդոնյան ոստիկանության կոմիսար Բեռնարդ Հոգան-Հոուն Փարիզում ահաբեկչություններից հետո որոշել է զինել իր ենթականերին, հայտնում է LBC ռադիոկայանը: Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա ապահովել քաղաքացիների անվտանգությունը նույնիսկ գերատեսչությունում կրճատումների ֆոնին:
«Կարծում եմ՝ Փարիզը մեզ ցույց տվեց, որ հանցագործությունների այդպիսի քանակի, մեծ արագությամբ տեղաշարժվող հանցագործների այդպիսի քանակի դեպքում մեզ շարժական ռեզերվ է պետք: Եվ ես գաղափար ունեմ՝ ինչպես դրան հասնել»,- հայտարարել է Հոգան-Հոուն LBC-ին տված հարցազրույցում: Ստույգ ծրագիրն ավելի ուշ կհրապարակվի, բայց արդեն հայտնի է, որ զինված աշխատակիցների թիվը կավելացվի, իսկ առանձնապես վտանգավոր հանցագործների դեմ պայքարի համար հատուկ տրանսպորտի պարկը մեկ երրորդով կմեծանա:
Լոնդոնի ոստիկանությունում ծառայում է 32 000 մարդ: Զենք ունի մոտ 2 000-ը:
Նոյեմբերին որոշում է ընդունվել իրավապահների անձնակազմի թիվը կրճատել մինչև 27 000-ի: «Եթե մենք թողնենք գոնե 30 000 ոստիկան, ես կկարողանամ քաղաքն անվտանգ դարձնել: Եթե նրանք ավելի քիչ լինեն, ես կսկսեմ նյարդայնանալ»,- այդ նախաձեռնությունը մեկնաբանել է կոմիսարը: