«ԱՄՆ նախագահի մարտավարության փոփոխումը. «Ռուսաստանի ռազմական միջամտությունը Սիրիայում ունի մեծ կարեւորություն»: Ֆրանսիական կործանիչները Սիրիայում գործում են ամերիկյան հետախուզության նշանառությամբ»,- La Repubblica-ում գրում է Ֆեդերիկո Ռամպինին:
«Փարիզյան սարսափը դարձավ «Մեծ քսանյակի» գագաթաժողովի հիմնական թեման: Այն հանգեցրեց դեռ մի քանի շաբաթ առաջ անհավատալի փոփոխությունների «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում. Օբամայի՝ Պուտինի հետ մերձեցմանը»,- պնդում է հեղինակը: «Թիվ 1 սպառնալիքը» ներկայացնող ընդհանուր թշնամու դեմ ձեւավորվում է դաշինք երկու առաջնորդների միջեւ: «Ֆրանսիան սկսում է ակտիվ կերպով գործել. 10 մարտական ինքնաթիռներ երեկ գործել են ԱՄՆ-ի հետախուզական հրահանգներով եւ ամերիկացիների հետ համակարգման պայմաններում: Հարվածների արդյունքում ոչնչացվել են ԻՊ-ի նախապատրաստության եւ հավաքագրման կենտրոնները»,- գրում է թերթը:
«Օբամայի եւ Պուտինի հանդիպումը տեւել է 35 րոպե. դեմ-դիմաց նստած նախագահները կիսաձայն քննարկում էին հարցեր, որոնց բովանդակությունը կարող էին լսել միայն թարգմանիչները: Օբամայի մտերիմ աշխատակիցներից մեկն այս կերպ է մեկնաբանել. «Կառուցողական քննարկում, որի կենտրոնում կային Սիրիայի ճգնաժամի լուծման ջանքեր: Այս խնդիրն ավելի հրատապ դարձավ Փարիզում տեղի ունեցած մղձավանջային ահաբեկչական հարձակումից հետո: Օբաման ընդունել է ռազմական գործողությունների կարեւորությունը, որոնք Ռուսաստանն անցկացնում է ԻՊ-ի դեմ Սիրիայում: Նոր երանգ եւ նոր բովանդակություն»,- նկատում է լրագրողը:
«Վիենայում արտաքին գործերի երկու նախարարները՝ Ջոն Քերրին եւ Սերգեյ Լավրովը, կարողացել են համաձայնության հասնել Դամասկոսում անցումային ժամանակահատվածի շուրջ. իրավիճակը պետք է ընթանա Ասադի մասնակցությամբ ազգային միասնականության կառավարության ստեղծման, հունվարից հրադադարի, ՄԱԿ-ի հսկողության ներքո ընտրությունների եւ նոր սահմանադրության ընդունման ուղիով: Ասադը կհեռանա, սակայն դեռ առանց նրա հնարավոր չէ. նրա խնդիրը ջիհադիստների դեմ ուժերի միավորումն է»:
«Ինչ վերաբերում է ահաբեկչական հարձակումներին Փարիզում, դա դաժան հարված է այն երկրին, որը գտնվում է Օբամայի գլխավորած դաշինքի առաջին շարքերում: Ամբողջ Արեւմուտքը վտանգված է. ազդանշանն այն մասին է, որ ԻՊ-ը, պարտվելով իր տարածքում եւ ամերիկյան արշավների արդյունքում կորցնելով մի քանի առաջնորդների, դուրս է հանում պատերազմն իր սահմաններից, ընդլայնում է գործողությունների շառավիղը: Ռուսաստանյան ինքնաթիռի կործանումից մինչեւ Փարիզում արյունահեղության իրականությունը մղում է Օբամային եւ Պուտինին միմյանց գիրկը»,- նշում է լրագրողը:
«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ պայմանավորվածությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ԻՊ-ին հաղթելու համար: Իսլամիստների դեմ կոալիցիան պետք է ավելացնի արդյունավետությունը, որպեսզի քանդի ահաբեկչության կենտրոնը: Իրենց խոսքը կոալիցիայի մեջ պետք է ասեն տարածաշրջանային տերությունները՝ սկսած Թուրքիայից: Սակայն Էրդողանի տեսանկյունից՝ թշնամին ոչ միայն ԻՊ-ն է, այլ նաեւ քրդերը՝ միակ ուժը, որը մարտնչում է խալիֆայության դեմ ցամաքում: Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան պետք է մտնեն Պուտինի եւ Օբամայի խաղի մեջ»,- գրում է հոդվածագիրը:
Աղբյուր՝ La Repubblica
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան
Galatv.am