ԻՊ-ը ցանկանում է շարունակել քաոսը Սիրիայում եւ Իրաքում, ինչը թույլ կտա վերահսկել տարածքը եւ «խալիֆայության» ստեղծման համար ռեսուրսները:
«Իրենց տեսանկյունից ահաբեկչական հարձակումները Փարիզում ուժի դրսեւորում է,- կարծում է բրիտանական հատուկ ծառայության նախկին ղեկավարը: -Նրանք շարունակում են զբաղվել իրենց աշխատանքով եւ ներգրավում են ավելի շատ եվրոպացի մահմեդականների»:
«Ոմանք հարց են տալիս՝ արդյո՞ք սա հետախուզության ձախողում չէր, որը կարող էր կանխել վայրագությունները: Պատասխանը մենք դեռ չգիտենք: Դա բարդ, լավ ծրագրված ահաբեկչական հարձակում էր, որն իրականացվեց փորձառու զինյալների կողմից: Իհարկե, նրանցից ոմանք հայտնի էին ֆրանսիական անվտանգության ծառայություններին, եւ շատ ավելի տագնապալի կլիներ, եթե նրանք բոլորը «մաքուր» լինեին: Մենք պետք է իմանանք, թե ինչպես են նրանք ծրագրել իրենց գործողությունները, ինչպես են հաղորդակցվել նրանք, որտեղ են նրանք պատրաստվել, եւ ինչ հետքեր են մնացել ուրբաթ օրը»,- մտորում է Սոուերսը:
«Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է գործակալների ներդրում, տեղեկատվության հայթայթում եւ կոլեկտիվ տվյալների վերլուծություն: Չափազանց կարեւոր է փոխգործակցությունը: Մենք կատարելագործել ենք այն Բրիտանիայում միայն 2005 թվականին Լոնդոնում տեղի ունեցած պայթյուններից հետո»,- նշում է փորձագետը:
«Հաջորդ ահաբեկչական հարձակումը հնարավոր է տեղի կունենա ոչ Ֆրանսիայում: ԻՊ-ը ցանկանում է հրահրել տարաձայնություններ Եվրոպայում, մասնավորապես թշնամություն փախստականների նկատմամբ, ցանկանում է ծայրահեղ աջերի ամրապնդումը, որպեսզի առաջացնի եվրոպացի մահմեդականների ավելի մեծ օտարում: Վտանգի տակ կարող է հայտնվել Գերմանիան, գուցե ԻՊ-ը կհամարի, որ ահաբեկչությունը կթուլացնի կանցլեր Անգելա Մերկելի դիրքերը եւ երկրի ներսում կառաջացնի պառակտում»,- ենթադրում է հեղինակը: Դա կարող է նույն հավանականությամբ տեղի ունենալ Լոնդոնում. MI-5-ի ղեկավար Էնդրյու Փարքերի տվյալներով՝ այս տարի Մեծ Բրիտանիայում կանխվել է արդեն վեց ահաբեկչական հարձակում»,- նշում է նա:
«Եվրոպայի ծայրամասերի պատերազմներն այժմ հասնում են մեր ափերին, եւ եվրոպական երկրները, մասնավորապես, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան պետք է իրենց վրա վերցնեն առաջնորդի դերը պատասխան միջոցառումներում: Մենք չենք կարող նստել եւ սպասել, որ ԱՄՆ-ն կգա մեզ օգնության»,- եզրափակում է Սոուերսը:
Աղբյուր` The Financial Times