Հայտնի ամերիկացի հաղորդավար Քոնան Օ’Բրայանը, ով իր «Քոնան» հեռուստաշոուի շրջանակներում վերջերս այցելել էր Հայաստան ու հետաքրքիր հաղորդում պատրաստել մեր երկրի մասին, հարցազրույց է տվել Հարավային Կալիֆոռնիայի հանրային ռադիոյին (scpr.org)` մի շարք ուշագրավ մանրամասներ ներկայացնելով հայաստանյան ուղևորության վերաբերյալ։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, կատարած այցը հեռարձակվելու է շոուի ընթացքում, Քոնանը միանգամայն դրական պատասխան է տվել` հավելելով. «Այո՛, դա շոուի կարևորագույն մասերից մեկն է: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե շոուն ծայրից ծայր ծիծաղելի դրվագներից է բաղկացած, սխալվում են: Ես հպարտ եմ այդ այցելությամբ»։