ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով, եկող տարվա մեջ գնաճ չի սպասվում:
Նա վստահեցրել է, որ ոչ տարեվերջին, ոչ հաջորդ տարի որևէ խնդիր չի լինելու:
«Անգամ եթե արտաքին գործոններով պայմանավորված հայտնի խնդիրները շարունակվեն, մենք էլի կդիմակայենք մարտահրավերներին: Եթե համեմատենք անցյալ տարվա Ամանորի շեմին տեղի ունեցած գնաճի հետ, ապա վստահ եմ, որ այս տարի ավելի կբարելավվեն պայմանները»,-ասել է նա:
Մինչդեռ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը դժավարանում է կանխատեսումներ անել, թե ինչ կլինի Ամանորի շեմին:
«Պրակտիկան ցույց է տալիս, որ ԿԲ-ն մինչև այս էլ հայտարարություններ է արել, բայց դրանց զգալի մասը այնուհետև կյանքում չի իրագործվել: ԿԲ-ի հայտարարության հիմքում, այնուամենայնիվ, հիմնավորվածությունը լիարժեք չէ»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը, հավելելով, որ շատ հանգամանքներ պայմանավորված են արտաքին միջավայրի գործոններով:
Նրա խոսքով, Ամանորին ենթադրելի է որոշ ապրանքների գնաճ, քանի որ այդ ժամանակահատվածում որոշ ապրանքների նկատմամբ պահանջարկը մեծանում է:
«Եթե դրանք պետք է ներմուծվեն, այսինքն տեղական արտադրանքը չհերիքի սպառման համար, նշանակում է, գնաճ կարող է լինել: Այդ առումով շատ կարևոր հանգամանք է, թե այդ ժամանակ ինչպիսին կլինի փոխարժեքի կուրսը: Եթե ներմուծումը ավելանա, լրացուցիչ ճնշում կլինի փոխարժեքի կուրսի վրա»,-մանրամասնեց տնտեսագետը, նշելով, որ այդ դեպքում գները կտարբերվեն այսօրվա գներից:
Տնտեսագետի խոսքով, այդ օրերին լրացուցիչ ներկրվող ապրանքները հիմանակում ոչ պարենային ապրանքներն են, այլ օրինակ՝ ցիտրուսային մրգերը, մսամթերքի որոշակի տեսակները:
Մյուս կողմից կարևոր է նաև, թե մինչև տարեվերջ փոխարժեքի վրա ինչ գործոններ կազդեն. «Եթե օրինակ, նավթի գների անկումը շարունակվի, բնականաբար, դա կհանգեցնի փոխարժեքի փոփոխությանը, ինչը էլ իր հերթին՝ գների աճին»:
«Գնաճը հիմանակում պայմանավորված կլինի փոխարժեքի՝ դրամի կուրսի հետ, եթե այն մեծ տատանում չտա, չարժեզրկվի, գնային աճ կարող ենք ունենալ որոշ ապրանքների գծով, բայց, ընդհանուր առմամբ, գնային իմաստով կայունություն կունենանք»,-ընդգծեց տնտեսագետը, նկատելով, սակայն, որ փոխարժեքի կուրսը սերտորեն կապված է նաև ռուսական ռուբլու կուրսի հետ, որը նույնպես տատանվում է:
Այսպիսով, տնտեսագետի խոսքով, լավատեսական որևէ սպասում կապված տնտեսական աճի հետ, եկամուտների ավելացման հետ չկա: