Կարևոր իրադարձություններ

ԴԱԻՇ-ից փախած հրամանատարը՝ կառույցի և Թուրքիայի սերտ հարաբերությունների մասին

18 Նոյեմբեր, 2015 15:08
ԴԱԻՇ-ից փախած հրամանատարը՝ կառույցի և Թուրքիայի սերտ հարաբերությունների մասին

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից փախած հրամանատար Սաիդը, որը եղել է Սիրիայի Ալ Բաբ քաղաքի ԴԱԻՇ-ի հետախուզության վարչության պետը, պատմել է կառույցի և Թուրքիայի սերտ կապերի, խմբավորման մեջ թուրք մարտիկների, Թուրքիայի տարածքով ահաբեկիչների Սիրիա անցումների, թուրքական հետախուզության և ԴԱԻՇ-ի հարաբերությունների, ԴԱԻՇ-ի հետախուզական աղբյուրների մասին:

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթի թղթակցի հետ զրույցում Սաիդն ասել է, որ ԴԱԻՇ-ին միանալ ցանկացող մարտիկների համար Թուրքիան «բաց սահման» քաղաքականություն է իրականացրել: Նրա խոսքով` քանի որ սիրիացի քրդերը ներկայումս վերահսկողության տակ են առել Թել Աբյադ քաղաքը, այժմ Սիրիա անցնել ցանկացող ԴԱԻՇ-ի մարտիկները օգտվում են միայն Թուրքիայի Քիլիս քաղաքի սահմանային անցումից։

Նա ասել է, որ և՛ «Ալ Նուսրան» (Ալ-Քաիդա), և՛ ԴԱԻՇ-ը շարունակում են մարտիկներ մատակարարել Քիլիսից:

«Քիլիսում նույնիսկ երկու մզկիթ կա, որոնցից մեկը Ալ -Քաիդա գնացողների, մյուսը` ԴԱԻՇ գնացողների համար է օգտագործվում: Այդ երկու մզկիթում երկու խմբավորումների ներկայացուցիչներ կան, որոնք էլ կազմակերպում են մարտիկների անցումները Սիրիա և Իրաք»,- ասել է նա:

Սաիդը պատմել է, որ իրենք որևէ խնդիր չեն ունեցել թուրքական հետախուզության հետ համագործակցության մեջ:

«Քոբանիի վրա հարձակումներում մենք մեծ թվով վիրավորներ ունեցանք, որոնք բուժման համար թուրքական հետախուզության ջանքերով փոխադրվեցին Թուրքիա: Ավտոմեքենաներում մեր վիրավորների մազերը կտրում ու մորուքները սափրում էին, որպեսզի թուրքական հիվանդանոցներում բժիշկների մեջ կասկածներ չառաջանային: Թուրք-սիրիական սահմանին գտնվող Ալ-Ռաի քաղաքում ԴԱԻՇ-ի ղեկավարը թուրք հետախույզ է: ԴԱԻՇ-ի կազմում թուրքական հետախուզության հետ սերտ կապեր ունեցող բազմաթիվ մարդիկ կան»,- ասել է նա:

Լրահոս

Դիտել ավելին