Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի բժշկական զննության արդյունքները

13 Ապրիլ, 2025 22:07
Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի բժշկական զննության արդյունքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բժիշկ Շոն Բարբաբելան հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարի առողջական վիճակը գերազանց է՝ ուրբաթ օրը պլանային բժշկական զննում անցնելուց հետո։ Բժշկի զեկույցը հրապարակել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Զեկույցը առավել մանրամասն տեղեկատվություն է պարունակում 78-ամյա Թրամփի առողջության մասին այն պահից, ինչ նա հունվարին վերադարձել է Սպիտակ տուն:

Թրամփն ամենատարեց մարդն է, որը երդվել է որպես նախագահ, թեև նրա նախորդը՝ Ջո Բայդենը, ամենատարեցն էր՝ 82 տարեկան, երբ լքեց պաշտոնը: Բայդենը երդմնակալության ժամանակ նույնպես 78 տարեկան էր, բայց այդ պահին նա Թրամփից փոքր-ինչ երիտասարդ էր:

«Նախագահ Թրամփը հիանալի ճանաչողական և ֆիզիկական առողջություն ունի և լիովին պիտանի է գլխավոր հրամանատարի և պետության ղեկավարի պարտականությունները կատարելու համար», - գրել է Բարբաբելան իր զեկույցում:

Հետազոտության շրջանակում Թրամփն արյան մի քանի անալիզ է տվել, անցել է սրտի և ուլտրաձայնային հետազոտություն, ասել է նրա բժիշկը։

«Նրա ակտիվ ապրելակերպը շարունակում է բարերար ազդեցություն ունենալ նրա ինքնազգացողության վրա»,- գրել է Բարբաբելան՝ վկայակոչելով Թրամփի մասնակցությունը հանդիպումներին, ելույթներին և «գոլֆի մրցաշարերում հաճախակի հաղթանակները»։

Թրամփը կշռում է 101 կիլոգրամ, հասակը 190 սանտիմետր է։ Հանգստի վիճակում  նրա սրտամկանի կծկումների հաճախականությունը րոպեում կազմում է 62 զարկ, իսկ արյան ճնշումը՝ 128/74 է։ Թրամփը Մոնրեալի ճանաչողական սանդղակով  30-ից 30 միավոր է հավաքել, ասվում է բժշկի գրառման մեջ:

Թրամփի օրգանիզմի տարբեր համակարգերի հետազոտությունները նորմայի մեջ են՝ ներառյալ աչքերը, գլուխը, ականջները, քիթն ու կոկորդը։ Բժիշկը նշել է, որ Թրամփի աջ ականջի վրա հրազենային սպի է մնացել։

Բարբաբելան գրել է, որ Թրամփը դրսևորում է «առողջ սրտային, թոքային, նյարդաբանական և ընդհանուր ֆիզիկական գործառույթ»:

Ըստ բժշկի, անցյալ ամառ անցկացված կոլոնոսկոպիան պարզել է, որ ԱՄՆ նախագահը դիվերտիկուլիտ է ունեցել, բորբոքում, որն առաջանում է, երբ հաստ աղիքի պատերին փոքր պարկեր են ձևավորվում: Այս պարկերը կոչվում են դիվերտիկուլաներ։

Այս հիվանդությունը սովորաբար ընթանում է առանց ախտանշանների, բայց կարող է առաջացնել անհարմարավետության զգացողություն, իսկ երբեմն նույնիսկ արյունահոսություն:

Փաստաթղթում նշվում է նաև, որ նախագահը ժամանակին կատարակտի վիրահատության է ենթարկվել, սակայն չի նշվում, թե կոնկրետ երբ։

Լրահոս

Դիտել ավելին