Կարևոր իրադարձություններ

Հայտարարագիրը քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելու միջոց է. ընդդիմության նախագիծը մերժվեց ԱԺ-ում

15 Ապրիլ, 2025 11:09
Հայտարարագիրը քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելու միջոց է. ընդդիմության նախագիծը մերժվեց ԱԺ-ում

ԱԺ-ն քննարկում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել Հարկային օրենսգրքում: Հիմնական զեկույցով հանդես եկավ խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետսիյանը:

Նախագծով առաջարկում է չեղարկել համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը: Ըստ պատգամավորի, այն ժամանակավրեպ է:

«Այն ժամանակավրեպ է դրված նպատակի տեսանկյունից ոչ լիարժեք և համարժեք իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարության անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ նախագիծը գլխադասային հանձնաժողովում ստացել է  բացասական եզրակացություն:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը նշեց, որ ՔՊ-ն դեմ քվեարկի նախագծին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ վարման կարգով ելույթին ասաց, որ ժողովրդին խաբում են, նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում այլ հավելյալ հարկեր մտցնելու նպատակ:

«Ձեր կարծիքով կառավարությունը հետաքրքրասիրությունից դրդվա՞ծ է  ուզում 300 հազարից ավելի փոխանցումների մասին տեղեկատվություն ստանալ: Ո՛չ, հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո՝ գյուղատնտեսությհամբ զբաղվողները: Այս օրենքը բացարձակապես հայտարարագրման մշակույթի ու սոցիալական պաշտպանության հետ կապ չունի, սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ վարման կարգով ելույթին ասաց, որ ընդդիմության նպատակը մեկն է՝ այնպես անել, որ հնարավորինս քիչ քաղաքացի կարողանա օգտվել սոցիալական կրեդիտներից:

«Այս պահի դրությամբ, 12 հազարից ավելի քաղաքացի ստացել է 92 հազար դրամ միջինում հետվերադարձ իր կատարած հերթական վճարներներից: Ընդդիմությունն ունի մեկ ցանկություն՝ Հայաստանում դժգոհ քաղաքացիների քանակը լինի հնարավորինս շատ, իսկ գոհ քաղաքացիների քանակը՝ հնարավորինս քիչ: Դիմե՛ք հայտարարագրման ծառայությանը, հետ ստացեք սոցիալական կրեդիտը և մի՛ լսեք այն մարդկանց, ովքեր տարատեսակ գրասենյակներից գումար են ստանում և վախենում են, որ այդ գումարը պետք է ինչ-որ ձևով հայտարարագրեն»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ վարման կարգով ելույթ ունեցավ և նշեց, որ իրենց նպատակն է ժողովրդին և պետությանը շուտ ազատել ազգակործան իշխանությունից, ապա «Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց:

Ի վերջո, ԱԺ-ն դեմ քվեարկեց նախագծի՝ լիագումար նիստի օրակարգ ընդգրկվելու մասին հարցին:

Լրահոս

Դիտել ավելին