Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը ներկայացնելիս հատուկ անդրադարձավ գույքահարկի թանկացմանը։ Նա շեշտեց՝ 100 միլիոն դրամ և ավել արժեք ունեցող գույքերի վրա է ծանրացած այդ հարկատեսակը, իսկ այդպիսիք, ընդհանուր գույքային ֆոնդում 0,62 տոկոս են կազմում։
«Բայց այդ 0.62%-ը մեր կատարած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ Հիմա աղմուկը իմացա՞ք որտեղից է։ Ուշադրություն դարձրեք, հանրապետության անշարժ գույքերի 0.62%-ը վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը Ասել է, թե անշարժ գույքի հարկի համակարգի մեր իրականացրած բարեփոխումները առնվազն մի էական մասով նույնպես տեղավորվում են թալանածը վերադարձնելու տրամաբանության մեջ, որովհետև հարկերի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում ապօրինի կերպով հարուստ դարձածները»,- մանրամասնեց Փշինյանը։
Փաշինյանը կարևորեց մեկ նրբություն ևս․ «Անշարժ գույքի հարկերը մտնում են բացառապես համայնքային բյուջեներ, իսկ համայնքային բյուջեները պետք է ծախսվեն բացառապես քաղաքացու բակի, փողոցի, անմիջական միջավայրի բարեկարգման վրա։ Այսինքն, անշարժ գույքի հարկը առավել ևս այն դեպքն է, երբ ասում են, որ այդ հարկը քաղաքացիները իրենք իրենց են վճարում աջ գրպանից ձախ գրպան տեղափոխելով, և այդ գումարները ծախսելու մասին որոշումները կայացնում են իրենց ընտրած ավագանիները, որը քաղաքացիներին ամենամոտ գտնվող ինստիտուտն ու մարմինն է»։