Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին:
Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված համագործակցության մակարդակը և ընդգծել համատեղ իրականացված մի շարք միջոցառումների կարևորությունը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ 2023 թվականի հուլիսի 1-2-ին և 2024 թվականի ապրիլի 26-27-ին Երևանում անցկացվել են «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» և «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմաներով բարձրաստիճան խորհրդաժողովներ, իսկ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:
Այս համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ վերոնշյալ խորհրդաժողովները կարևոր հարթակ են օտարերկրյա գործընկերների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու և մասնագիտական կապեր հաստատելու տեսանկյունից:
Լիլիթ Դանեղյանը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը 2025 թվականի հուլիսի 1-2-ին Հայաստանում միջազգային բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու նախաձեռնությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: