Կարևոր իրադարձություններ

Եթե մոռացել ենք թալանածը հետ բերելու խոստումը, այս 4,2 մլրդ դոլարը օդի՞ց է ընկել. Նիկոլ Փաշինյանը թվեր բերեց

15 Ապրիլ, 2025 11:14
Եթե մոռացել ենք թալանածը հետ բերելու խոստումը, այս 4,2 մլրդ դոլարը օդի՞ց է ընկել. Նիկոլ Փաշինյանը թվեր բերեց

2018-ից հետո, միայն 2024 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1,3 տրիլիոն դրամով. Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3,3 մլրդ դոլար է: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն՝ հեղափոխությունից հետո միայն 2024 թվականին Հայաստանի պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3,3 մլրդ դոլար:

Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճ են ունեցել, և սա որևէ մեկը չի կարող ժխտել: Բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, ու բոլոր միջինացված թվերը հանած՝ միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ ՀՀ պետական բյուջե 2018-2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 մլրդ դրամ կամ 4,2 մլրդ դոլար: Սա, կրկնում եմ, այն գումարն է, որ պետական բյուջե մուտք է եղել նախորդող շրջանի, մասնավորապես՝ 2011-2017 թվականների բյուջեի աճի միջինացված թվերից ավելի: Այսինքն՝ հետհեղափոխական 7 տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4,2 մլրդ դոլար, և սա, ուշադրությո՛ւն դարձրեք, քովիդի, համավարակի և պատերազմի տարվա ներառմամբ:

Այս թվի մեջ, բնականաբար, պետական պարտքը ներառված չէ (պետական պարտքը չի հաշվառվում ընդհանրապես պետական բյուջեի եկամուտ): Այս թվի մեջ չեմ ներառել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետական բյուջեին փոխանցված գումարները: Այսինքն՝ խոսքը բյուջեի մաքուր հեղափոխական եկամտի մասին է:

Սա ասում եմ նաև այն քննադատություններին ի պատասխան, թե մեր կառավարությունը հեղափոխությամբ եկավ իշխանության և մոռացավ թալանածը հետ բերելու խոստումը: Բա այս 4,2 մլրդ դոլարը օդի՞ց է ընկել, սիրելի՛ ժողովուրդ»,- ասաց նա:

Լրահոս

Դիտել ավելին