Կարևոր իրադարձություններ

150 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ ճանապարհային անվտանգության ապահովման համար. հանդիպում ՏԿԵՆ-ում

15 Ապրիլ, 2025 13:36
150 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ ճանապարհային անվտանգության ապահովման համար. հանդիպում ՏԿԵՆ-ում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։

Փոխնախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև խորացող գործընկերության կարևորությունը՝ հատկապես ճանապարհային անվտանգության ոլորտում։

 

ՏԿԵՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ Ճանապարհային անվտանգության գլոբալ հիմնադրամը և Համաշխարհային բանկը հաստատել են 150 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհը՝ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում. անվտանգության կառավարման հիմնական բարելավումների որոշում և կայուն ճանապարհային ենթակառուցվածքի ծրագրի մշակում» խորագրով ուսումնասիրությանը աջակցելու նպատակով։

 

Դրամաշնորհի շրջանակում կֆինանսավորվեն Հայաստանի ճանապարհային անվտանգության կառավարման համակարգի համապարփակ ուսումնասիրությունները։ Դրանք կներառեն անվտանգության կառավարման ներկա գործընթացների վերլուծությունը՝ արդյունավետ կառավարման գնահատմամբ։ Բացի դրանից՝ կիրականացվի ռազմավարական, բարձր ռիսկայնությամբ միջանցքների անվտանգության ռիսկի գնահատում՝ առանցքային ճանապարհահատվածներում աստղային վարկանշավորման միջոցով։

 

Այս մոտեցումը թույլ կտա բացահայտել անվտանգության տեսանկյունից առավել խնդրահարույց հատվածները, և մշակել համապատասխան միջամտություններ։

Ուսումնասիրությունների արդյունքում կբացահայտվեն ճանապարհային անվտանգության կառավարման գործող պրակտիկաներում առկա բացերը, կձևակերվեն անվտանգության բարելավմանն ուղղված քաղաքականությունները, ինչպես նաև առանցքային շահագրգիռ գերատեսչությունների միջև համակարգված համագործակցության ապահովման նպատակով ինստիտուցիոնալ մեխանիզմներ կներդրվեն: 

Հանդիպմանը քննարկվել են նաև ճանապարհային անվտանգության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։

Լրահոս

Դիտել ավելին