Ուկրաինայի Զինված ուժերը պետք է դուրս գան պաշտպանական վիճակից և սկսեն ազդել մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքի վրա։ Ինչպես տեղեկացնում է ռուսական Lenta. ru լրատվական կայքը՝ ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքի առաջնորդ և Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Որպես ուկրաինական զինված ուժերի հարձակողական գործողությունների հնարավոր թիրախ քաղաքական գործիչը նշել է Ղրիմի կամուրջը։
Մերցը Ուկրաինայի զինված ուժերին կոչ է արել ոչնչացնել այն, քանի որ «ռուսական բանակի մատակարարման ռեսուրսների զգալի մասը գտնվում է Ղրիմում»։
Ավելի վաղ ՔԴՄ/ՔՍՄ-ի ղեկավարը հայտարարել էր, որ «Taurus» հեռահար հրթիռները Ուկրաինային կփոխանցվեն միայն եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցման դեպքում։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների փոխանցման հարցի լուծումը համակարգված գործողություններ է պահանջում։