Կարևոր իրադարձություններ

Ծերերի խնամքի կենտրոնում անմարդկային պայմաններ են․ քաղաքացին ահազանգում է, փոխտնօրենը՝ հերքում

14 Ապրիլ, 2025 17:17
Ծերերի խնամքի կենտրոնում անմարդկային պայմաններ են․ քաղաքացին ահազանգում է, փոխտնօրենը՝ հերքում

Shabat.news-ին ահազանգել է մի քաղաքացի, ով չցանկանալով ներկայանալ, պատմել է, որ «Մերոնց տուն» ծերերի խնամքի կենտրոնում անմարդակային պայմաններ են, տարեցներին խնամելու համար հարազատները բավականին մեծ գումար են վճարում, սակայն, կենտրոնը համապատասխան օգնություն չի ցուցաբերում․

«Նախ կին-տղամարդ մի սենյակում են քնում, հետո էլ հարազատները մոտ 1000$ գումար են վճարում իրենց հարազատին կենտրոնի հսկողության տակ պահելու համար, սակայն, սնունդը շատ վատն է, իսկ աշխատակազմը շատ փոքր է, նորմալ բուժքույր չունեն, մաքրուհին՝ ով մեծահասակների տակդիրներն է փոխում, և՛ խոհանոցում է աշխատում, և՛ ծերերի շաքարն է ստուգում, և՛ ճնշումն է չափում։

Մի խոսքով՝ ծերերը շատ վատ պայմաննրում են ապրում»,- ասաց քաղաքացին։

Նա հավելեց, որ նաև կենտրոնը աշխատակիցների աշխատավարձերը ժամանակին չի տալիս, ոմանք անգամ ամիսներով աշխատել են առանց աշխատավարձի։

«Աշխատող չունեն, ովքեր էլ կան առանց հանգստի են աշխատում, ո՞նց կարող է մարդ 24 ժամ աշխատել ու ի վիճակի լինել ծերերին խնամել։ Պետք է նման կենտրոնների վերահսկողությունն ուժեղացնել»,- նշաց նա։

Shabat.news-ը կապ հաստատեց «Մերոնց տուն» խնամքի կենտրոնի փոխտնօրեն Անգին Ղուկասյանի հետ, ով հերքեց կենտրոնի մասին դժգոհություներն ասելով, թե կարծում է, որ դրանք միտումնավոր տարածվող խոսակցություններ են կետրոնի բարի համբավը արատավորելու համար․

«Նման բան չկա, դրանք բոլորը հերուրանքներ են, մեր կենտրոնում տարեցները՝ կին-տղամարդ առանձին են քնում, սնդդի հարցերն այլ կերպ են լուծվում, դա չեմ ասում, քանի որ մեր ծառայության «ֆիշկան» է»։

Հարցին՝ քանի՞ աշխատակից և տարեց կա խնամքի կենտրոնում, փոխտնօրենն ասաց, որ աշխատակիցների թիվը 6-ն է, իսկ ծերերը 10-12 հոգի են, երբեմն ցերեկայն ժամերին նրանց թիվը հասնում է մինչև 20-ի։

Ղուկասյանը նշեց, որ 2 տարվա ընթացքում որևէ բողոք չի եղել և ոչ մի տարեցի իրենց կենտրոնից հարազատները չեն հանել և չեն տեղափոխել այլ հաստատություն։

«Փիլիսոփայությունը մասնավորի և պետականի ուրիշ է, եթե պետականից նման ձևով բողոքեն, այո, դուք դրան հետամուտ եղեք և գնացեք, բայց մասնավորի պարագայում, եթե ծառայությունների որակից մեկը դժգոհ է լինում կամ տեղափոխում է իր հարազատին, կամ ասում է՝ մենք դա շտկում ենք, եթե էական բան է։

2 տարի է մենք աշխատում ենք, և որևէ բողոք չկա։ Օգոստոսին մի տարեց ունեինք, որդուն ասացինք, վերցրու, տար, որովհետև մենք էլ չենք սպասարկելու և այլն․․․ իր տղան անմեղսունակ մեկնաբանություններ է գրում մեր հրապարակումների տակ, ենթադրում եմ, որ ինքն է ձեզ զանգահարուղը։ Մենք 2 կենտրոն ունենք, 3-րդն ենք բացում, կարծում ենք, որ սա ինչ-որ չարամիտ, չարագործ մեկի ձեռքի գործն է»,- եզրափակեց Ղուկասյանը։

Shabat.news-ը թեմայի շուրջ փորձեց մեկանբանություն ստանալ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ճշտելու՝ արդյո՞ք ծերերի խնամքի մասնավոր հաստատությունները գտնվում են իրենց վերհսկողության տակ, թե ոչ։

«Մեր կողմից նման կազմակերպություն հավատարմագրված չէ, մեր լիազորությունների շրջանակում վերահսկողության տեսանկյունից նաև այն կազմակերպություններն են , որոնք որ հավատարմագրում են նախարարության կողմից և ծառայություն են մատուցում։ Տվյալ կազմակերպությունը այդ շարքում չի»,- ասաց նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։

Լրահոս

Դիտել ավելին