Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին համոզված է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր քայլ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի կայունության համար։
Region Monitor-ին տված բացառիկ հարցազրույցում Ռավանչին ընդգծել է, որ Իրանը որպես բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկիր՝ պատրաստ է աջակցել այդ ջանքերին։
«Անցյալն անցյալ է։ Մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա։ Փաստաթուղթը պատրաստ է, և որքան շուտ այն ստորագրվի, այնքան լավ:
Իրանը որպես երկիր, որը բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, պատրաստ ենք անել ամեն բան, որ կարող ենք՝ հեշտացնելու այն աշխատանքը, որը պետք է իրականացվի համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ ռազմական բախումների էջը փակված է։
Մեկնաբանելով հնարավոր ռազմական սցենարների վերաբերյալ փորձագիտական կանխատեսումները, Իրանի փոխնախարարն ընդգծել է․
«Մենք դեմ ենք ցանկացած սահմանային փոփոխության և տարածքային ամբողջականության խախտման։ Ոչ ոք չի կարող ապավինել ռազմական ուժին՝ մեկ այլ երկրի տարածք գրավելու համար»
Ըստ Ռավանչիի՝ փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի հիման վրա տարածաշրջանի պետությունները պետք է համագործակցեն՝ հետագա սերունդների համար խաղաղ ապագա կառուցելու ուղղությամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։