Կարևոր իրադարձություններ

Զբոսաշրջության ոլորտում հայ-հունական համագործակցությունն ընդլայնվում է

16 Ապրիլ, 2025 23:05
Զբոսաշրջության ոլորտում հայ-հունական համագործակցությունն ընդլայնվում է

Ապրիլի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է կայացել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Խրիստոս Սոֆիանոպուլոսի միջև։

Կողմերը ներկայացրել են զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրությունը, խոսել առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին, կարևորել Հունաստանում Հայաստանի ճանաչելիության բարձրացման, նպատակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման օրակարգային հիմնական հարցերից են եղել 2025 թվականին Հայաստանում հայ-հունական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի կազմակերպումը և կրթության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը՝ ուղղված ուսանողների կարողությունների բարձրացմանն ու հետագայում որոկյալ ծառայությունների ապահովմանը։

Խոսվել է նաև նոր համատեղ զբոսաշրջային արդյունքի՝ Հայաստանում հույն ժողովրդի պատմության հիման վրա ձևավորված երթուղիների մշակման և դրանց՝ հունական շուկայում խթանման անհրաժեշտության մասին։

Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման համար, որին էապես կնպաստի համատեղ նիստի անցկացումը և բարձրացված հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։

Լրահոս

Դիտել ավելին