Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։
«Լեհաստանը հարգում է Իսրայելի գոյության իրավունքը և պաղեստինցի ժողովրդի իրավունքները։ Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը, մենք դեսպան ունենք Վարշավայում»,- Սիկորսկու խոսքը մեջբերում է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մենք աջակցում ենք Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին»,- հավելել է արտգործնախարարը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստինի Պետությունը։
Իսկ 2024-ի մայիսի վերջին Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան Պաղեստինը ճանաչել են որպես պետություն 1967 թվականին հաստատված սահմաններում: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը անմիջապես հետ էր կանչել իր դեսպաններին այդ պետություններից խորհրդակցությունների համար և նոտա հղել Իսրայելում եվրոպական այդ երկրների դեսպաններին: