Գյումրում ՔՊ-ի իշխանազրկումն այսօր ամրագրվեց ավագանու քվեարկության արդյունքներով։ Սա մարտի 30-ին գյումրեցիների կամարտահայտության արդյունքն էր՝ գյումրեցիների մեծամասնությունը մերժել է «Քաղաքացիական պայմանագրին»։ Այս մասին իր էջում գրել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, սա միջանկյալ արդյունք է ՔՊ-ի ամբողջական իշխանազրկման ճանապարհին։ Կարևոր քաղաքական ճակատամարտը գյումրեցիների շնորհիվ հնարավոր եղավ հաղթել, սակայն դիմակայությունը շարունակվում է։ «Մայր Հայաստան» շարժումն իր բոլոր ջանքերը գործադրելու է հայ ժողովրդին, երկրին պարտություն ու ստորացում բերած իշխանություններից ազատելու համար։ Նիկոլ Փաշինյանի անփառունակ թիմի իշխանազրկման շքերթը Գյումրու Վարդանանց հրապարակից պետք է հասնի Ազգային Ժողովի շենք ու Հանրապետության հրապարակ։
Հ․Գ․ «Մայր Հայաստան» դաշինքին ու ինձ վստահության քվե տված գյումրեցիներին ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ գենդերային հավասարություն ապահովելու պահանջով ինձ հասանելիք Գյումրու ավագանու մանդատը մեխանիկորեն փոխանցվել է ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող իգական սեռի ներկայացուցչին։ «Մայր Հայաստանի» թիմի հետ շարունակելու եմ իմ կարողությունները ներդնել հանուն Գյումրու զարգացման ու բարգավաճման։
Շնորհավորում եմ մեր թիմակիցներ Կարեն Սիմոնյանին ու Աննա Մուրադյանին Գյումրու ավագանու պատասխանատու մանդատը ստանալու կապակացությամբ։ Վստահաբար կարող եմ պնդել, որ մեր ամբողջ թիմը լծվելու է Գյումրու զարգացմանը միտված «Մայր Հայաստանի» հայտարարած ծրագրերը կյանքի կոչելու, գյումրեցիների խնդիրները բարձրաձայնելու ու լուծումներ տալու գործին։
Նշենք, որ այսօր Գյումրիի ավագանին 18 կողմ 0 դեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չմասնակցեց նիստին: