Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 1-ին, պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքը և հիմնական գումարը ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով, որսորդական ակոսափող հրազենով զինված մտել էր Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում գտնվող սգո սրահ և յոթ կրակոց արձակել սրահում գտնվող անձանց ուղղությամբ՝ փորձելով ամբոխի մեջ գտնել իր ազգականին:
Թելման Քալաշյանի արձակած կրակոցների հետևանքով մահացել էր 4 անձ, 7 անձ՝ ստացել տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ:
Հիշեցնենք՝ սպանությունը կատարվել էր 2017 թվականի օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի սգո սրահում, որտեղ եզդիները նշում էին ազգային «Խեր» միջոցառումը:
Ըստ մեղադրանքի՝ Թելման Քալաշյանը զինված մուտք էր գործել և կրակել համագյուղացիների ուղղությամբ: 3 մարդ տեղում զոհվել էր, ևս 1-ը հիվանդանոցում էր մահացել, 7-ը վիրավորվել էր: Մահացածներից երկուսը Շամիրամի բնակիչներ էին, մյուսները եկել էին Ռուսաստանից։ Ըստ ականատեսների՝ կրակողը դեպքի վայրից փախել էր, գյուղի սկզբնամասում թողել իր վարած «Նիվա» մակնիշի սպիտակ մեքենան և անհետացել:
25 օր անց Թելման Քալաշյանը հայտնաբերվեց իր հորեղբոր տանը: Ըստ մեղադրանքի՝ հանցագործությունը կատարվել էր կենցաղային պատճառով, «Սայգա» տեսակի որսորդական հրացանով: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Թելման Քալաշյանը 75 հազար դոլար էր պարտք տվել Ռուսաստանում բնակվող և աշխատող Քյարամյան եղբայրերին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները պետք է պարտքը վերադարձներին մաս-մաս:
Քյարամյան եղբայրները վերադարձրել էին 45 հազար դոլարը: Մնացածը չէին կարողացել վերադարձնել, քանի որ գործերը Ռուսաստանում հաջող ընթացք չէին ունեցել: Քալաշյանը մի քանի տարի շարունակ փորձել է հետ ստանալ գումարը, բայց ապարդյուն: Դիմել է նաև Քյարամյան եղբայրների բարեկամներին, միջնորդին, ում միջոցով պարտք էր տվել, սակայն կրկին արդյունք չէր եղել: Սպանության օրը`օգոստոսի 1-ին, անգամ սգո սրահում Թելման Քալաշյանն ասել է՝ տվեք գումարս, չեմ կրակի:
Ամբաստանյալի աթոռին է նաև Թելման Քալաշյանի հորեղբայրը`Քյարամ Քալաշյանը՝ ծանր հանցագործությունը պարտակելու մեղադրանքով: