Վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող հրապարակումներին ի պատասխան՝ կապված Wildberries մարքեթփլեյսի կողմից առաքման ծառայության վճարի առանձին ներկայացման հետ, ընկերությունը պարզաբանում է ուղարկել Shabat.news-ին։
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ առաքման վճարը նախկինում ևս գոյություն ուներ, պարզապես ներառված էր ապրանքի ընդհանուր արժեքի մեջ։
Թափանցիկության մակարդակը բարձրացնելու նպատակով այժմ որոշում է կայացվել այն ներկայացնել առանձին տողով։
«Սա օգնում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գնորդներին ավելի հստակ պատկերացում կազմել, թե ինչի համար են վճարում՝ տեսնելով առանձին ապրանքի և առաքման արժեքները։ Կարևոր ենք համարում ընդգծել, որ առաքման արժեքի առանձին ցուցադրումը ոչ մի կերպ չի ազդում պատվերի վերջնական գումարի վրա։ Ընդհանուր գումարը, որը վճարում է հաճախորդը, մնացել է նույնը՝ պարզապես այժմ այն բաժանված է ապրանքի և առաքման արժեքների»,- նշված է պարզաբանման մեջ։
Ըստ Wildberries-ի՝ առաքման արժեքը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ ապրանքի չափսերից, քաշից, ինչպես նաև փոխադրման եղանակից՝ օդային, ցամաքային կամ այլ։
Ընկերությունն ընդգծում է, որ իր նպատակն է ստեղծել առավել թափանցիկ և վստահելի համակարգ ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների համար, ինչի շրջանակում պարբերաբար իրականացվում են փոփոխություններ հարթակում։