Կարևոր իրադարձություններ

Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

25 Ապրիլ, 2025 19:00
Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել է Մոդովայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ծանրորդների պարգևատրման արարողությունը, որն իրականացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մեդալակիր մարզիկները, մարզիչներն ու բժշկական անձնակազմի անդամները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է գրանցած արդյունքների կապակցությամբ:

«Պատմության մեջ առաջին անգամ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները մեկ առաջնության ընթացքում լավագույնն են ճանաչվել: Բազմաթիվ անելիքներ ունենք հատկապես Երևանում կայանալիք աշխարհի 2027 թվականի առաջնությանն ու Լոս Անջելեսում 2028 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով հավաքականի գլխավոր մարզիչներին, մարզիկների անհատական մարզիչներին, բժիշկներին:

 

Մեդալակիր մարզիկներին ու մարզիչներին շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: ԿԳՄՍ նախարարը շեշտել է նաև նմանօրինակ միջոցառումը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կազմակերպելու փաստը:

«Պատիվ է հյուրընկալել միջազգային հարթակներում մեր երկրի պատիվը բարձր պահած մարզիկներին: Ձեր հաղթանակները շատ ոգևորող են: Վստահ եմ՝ համատեղ աշխատանքի միջոցով կյանքի կկոչվեն բոլոր այն նպատակները, որոնք դրված են ֆեդերացիայի առջև՝ մարզաձևի զարգացման ու բարձր արդյունքների գրանցման տեսանկյունից»,- ասել է Հասմիկ Ավագյանը՝ շեշտելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում ընդհանրապես բարձր նվաճումների և, հատկապես, հենակետային մարզաձևերի խրախուսմանը:

Հասմիկ Ավագյանի խոսքով՝ ծանրամարտը մեր երկրում ավանդույթներ ունեցող մարզաձևերից է, և վերջինիս զարգացումը պետության մշտական ուշադրության կենտրոնում է:

Պետության կողմից տրամադրվող աջակցությունից բացի՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ևս խրախուսել է մարզիկներին ու մարզիչներին իրենց կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար:

Լրահոս

Դիտել ավելին