Իրազեկում. ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ:
Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։
Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։
Ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել՝
էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ, Power Bank, պլանշետ) - շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ հրդեհի պատճառ,
կրակայրիչ - բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել,
ավտոխնամքի միջոցներ (յուղեր, քիմիական նյութեր) - դրանք շոգից կարող են այրվող գոլորշիներ արձակել,
օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ - բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել,
պլաստիկ շշեր - արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ և դառնալ հրդեհի բռնկման պատճառ, ապակյա շշերով ալկոհոլային և գազավորված ըմպելիքներ - դրանք շոգից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։
Ջերմության նկատմամբ զգայուն իրերը պետք չէ թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը փակ ապակիների պայմաններում ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-70°C։