Կարևոր իրադարձություններ

Սա սրբապղծություն էր․ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը Թալինի դեպքերի մասին

06 Հունվար, 2026 19:13
Սա սրբապղծություն էր․ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը Թալինի դեպքերի մասին
Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ, Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավայրից հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով 2025 թվականի դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։
Եպիսկոպոսի գնահատմամբ՝ տեղի ունեցածը չի կարող դիտարկվել որպես պատահական միջադեպ կամ թյուրիմացություն, այլ հանդիսացել է «բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն»՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սրբավայրերի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։
Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը նշել է, որ գործողությունը կազմակերպվել է Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից՝ իրավապահ մարմինների հովանավորությամբ, ինչը, նրա խոսքով, կոպիտ ապօրինություն է և իշխանական կամայականության դրսևորում։
Հայտարարությունում ընդգծվում է, որ սրբավայր ներխուժելը և եկեղեցական կարգի խաթարումը հակասում են ոչ միայն եկեղեցական կանոններին, այլև ՀՀ Սահմանադրությանը և գործող օրենքներին՝ վտանգելով հասարակական համերաշխությունն ու իրավական պետության հիմքերը։
Տեր Մկրտիչ եպիսկոպոսը հիշեցրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ ընդգծելով, որ եկեղեցին երբեք չի ղեկավարվել քաղաքական քմահաճույքներով, սակայն մշտապես պաշտպանել է ճշմարտությունն ու մարդու արժանապատվությունը։
Եզրափակելով հայտարարությունը՝ նա դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել, որ որևէ իշխանություն, պաշտոնյա կամ կարգալույծ անձ իրավունք չունի ոտնահարելու սրբավայրը և վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգևոր զգացմունքները։ Միաժամանակ նա կոչ է արել հավատավոր ժողովրդին չտրվել սադրանքներին, մնալ խաղաղ, սակայն հաստատուն և անզիջում ճշմարտության հարցում։
Հայտարարությունն ավարտվում է Սուրբծննդյան ավետիսով՝
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։ Ձեզ և Մեզ Մեծ Աւետիս»։

Լրահոս

Դիտել ավելին