Կարևոր իրադարձություններ

«The Magic of English». նոր կրթական նախաձեռնություն, որը բաց է բոլոր երեխաների համար

23 Փետրվար, 2026 19:06
«The Magic of English». նոր կրթական նախաձեռնություն, որը բաց է բոլոր երեխաների համար

Վերջին տարիներին կրթական ոլորտում հաճախ է հնչում նույն հարցը՝ ինչպե՞ս սովորեցնել անգլերեն այնպես, որ այն չլինի միայն դասագրքային ու գնահատականի համար, այլ դառնա իրական հմտություն։

Այս հարցի պատասխաններից մեկը փետրվարի 20-ին ներկայացվեց հանրությանը՝ Կորիզ կրթական ծրագիրի եւ Global Bridge կրթահամալիրի համագործակցությամբ մեկնարկած նոր համադպրոցական նախաձեռնության՝ «The Magic of English» անգլերենի մրցույթի շրջանակում։

Սա անգլերենի մրցույթ եւ ուսուցողական հարթակ է, որը նախատեսված է Հայաստանի հանրակրթական դպրոցների 3–9-րդ դասարանի բոլոր աշակերտների համար եւ հիմնված է միջազգային կրթական ծրագրերի վրա։

Global Bridge կրթահամալիրի տնօրեն Աննա Հարությունյանը նշում է, որ նախաձեռնության հիմքում ոչ թե մրցակցությունը, այլ կրթական ճանապարհն է։

«Այսօր անգլերենը պարզապես առարկա չէ։ Դա լեզու է, որով երեխան շփվում է աշխարհի հետ։ Մենք ցանկանում էինք ստեղծել մի հարթակ, որտեղ երեխան չի վախենում սխալվելուց, այլ սկսում է վստահորեն կիրառել լեզուն՝ իր մտածողության մեջ»,- ասում է նա։

Նրա խոսքով՝ «The Magic of English»-ը կառուցված է այնպես, որ աշակերտը քայլ առ քայլ զարգանա՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակից է սկսում։

«Կորիզ» կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Սուրեն Ալոյանը ընդգծում է, որ նախաձեռնությունը տարբերվում է դասական օլիմպիադաներից։

«Սա մրցույթ է, բայց ոչ այն իմաստով, որ մասնակցում են միայն գերազանց սովորողները։ Մենք հատուկ նախագծել ենք այս ձեւաչափը, որպեսզի յուրաքանչյուր երեխա զգա՝ սա իր համար է»,- նշում է նա։

Նրա խոսքով՝ նախագիծը միավորում է ուսուցում, խաղային մոտեցում եւ մրցակցություն՝ դարձնելով սովորելը հետաքրքիր եւ հասանելի։

Նախաձեռնության կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ
✔️ խրախուսվում է աշակերտի առաջընթացը,
✔️ գնահատվում է ուսուցչի ներգրավվածությունը,
✔️ կրթական հաջողությունը դառնում է դպրոցի ընդհանուր արդյունք։

Մրցույթը կանցկացվի երեք փուլով՝ երկու առցանց եւ մեկ առկա փուլով, իսկ հաղթողների անունները կհայտարարվեն Koreez կրթական ծրագրի ավանդույթ դարձած մեծ մրցանակաբաշխության ընթացքում։

Մասնակցությունը բաց է Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների 3–9-րդ դասարանի աշակերտների համար։ Ծնողները կարող են գրանցել իրենց երեխաներին՝ այցելելով www.koreez.am կայքը եւ ընտրելով «The Magic of English» մրցույթը։

Կազմակերպիչները վստահ են, որ այս համագործակցությունը նոր մշակույթ կհաստատի անգլերենի ուսուցման եւ մրցույթների ոլորտում՝ ստեղծելով կրթական փորձառություն, որին կցանկանան մասնակցել հազարավոր երեխաներ ամբողջ երկրից։

Լրահոս

Դիտել ավելին