Կարևոր իրադարձություններ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը

14 Ապրիլ, 2025 12:10
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության («ԹՊԻՀ») գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերը և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:

Ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների աջակցությունը Կոմիտեի ստեղծման ու կայացման գործում և շնորհակալություն հայտնել նրանց՝ կոռուպցիայի դեմ պայքարում սերտ համագործակցության, այդ թվում՝ կառույցը պատրաստված կադրերով ու ժամանակակից տեխնիկայով համալրելու գործընթացում ակտիվ ներգրավվածության համար:

Կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է ԹՊԻՀ գրասենյակի շարունակական աջակցությունը՝ միտված Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացմանն ու ծառայողների  մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը:

Նշելով, որ կոռուպցիոն հանցագործություններն անդրազգային բնույթ են կրում, Արթուր Նահապետյանն այս տեսանկյունից ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ իրավական փոխօգնության ոլորտում:

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով Կոմիտեի նորանշանակ նախագահին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ ամերիկյան կողմն իրապես արժևորում է արդեն իսկ ձևավորված արդյունավետ գործընկերային կապերը Հակակոռուպցիոն կոմիտեի հետ: 

Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահը  հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության ուղղություններն ու ոլորտները կընդլայնվեն՝ ապահովելով երկկողմ համագործակցության նոր մակարդակ:

Լրահոս

Դիտել ավելին