«Իգլայի» գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանը դեռևս չի նշանակել դատական նիստի օրը: Հիշեցնենք, որ փաստաբանը դիմել էր Վերաքննիչ՝ բողոքարկելով իր պաշտպանյալի հանդեպ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին որոշումը:
«Մարտի 24-ից հետո, երբ նրան կալանքի ենթարկեցին, նրա հետ որևէ քննչական կամ դատավարական գործընթաց չի կատարվել: Այս պահին Վերքննիչ դատարանն անգամ նիստի օրը չի նշանակել»,- նշում է Աղաջանյանը:
Սանասար Գաբրիելյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Փաստաբանը նշում է. «Ես գտնում եմ, որ նրա մեղադրանքը հիմնավորող ուղղակի որևէ ապացույց չկա»:
«Հանդես եմ եկել գրավի միջնորդությամբ, քանի որ նշել էին, թե իբր Սանասար Գաբրիելյանը կարող է այլ անձանց վրա ազդեցույթուն գործել կամ խուսափել վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց: Միայն այդ պատճառով եմ գրավի միջնորդություն ներկայացրել, այլապես կոնկրետ հիմնավոր կասկածի առումով ես առարկել եմ, նշել, որ նրա մեղադրանքը հիմնավորող որևէ ապացույց չկա»,- հավելեց փաստաբանը:
Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ դատական նիստի օրը կնշանակվի հաջորդ շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդմամբ՝ 2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։
Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտնեց, որ «Իգլայի» գործով ձերբակալվել է երեք անձ, որոնց թվում են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր, գործարար Սանասար Գաբրիելյանը: Հավելենք, որ նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրիք 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»:
Անուշ Հարությունյան