Կարևոր իրադարձություններ

Դատարանում հրապարակվել է տեսագրություն․ մեղադրյալը խոստովանում է սպանության փորձը

03 Ապրիլ, 2026 20:01
Դատարանում հրապարակվել է տեսագրություն․ մեղադրյալը խոստովանում է սպանության փորձը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ։
Նիստի ընթացքում հետազոտվել են քննչական գործողությունների տեսաձայնագրությունները, որոնցից մեկում մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոստովանել է, որ նպատակ է ունեցել սպանել Վալոդյա Գրիգորյանին՝ դա կապելով իր ընկեր Գրիգոր Օհանյանի մահվան հետ։ Նա նաև ներկայացրել է դեպքի հանգամանքները՝ նշելով, թե ինչպես է կրակել և մոտեցել տուժածին։
Տեսագրությունների դիտումից հետո մեղադրյալը հայտարարել է, որ կան հանգամանքներ, որոնք չեն նկարահանվել, և խոստացել է ավելի մանրամասն ցուցմունք տալ հետագայում։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր կողմից ներկայացված որոշ դրվագներ, այդ թվում՝ կրակել սովորելու վայրի մասին պատմությունը, մտացածին են եղել։
Դատական նիստում ուսումնասիրվել են նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ զոհի արյան մեջ ալկոհոլ և թմրանյութեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանում սպանվել էին Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Գործով մեղադրյալներ են Գևորգ Հարությունյանը և Նարեկ Օհանյանը։

Լրահոս

Դիտել ավելին