Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Օվերթայմում գոլեր չեն գրանցվել, և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որի արդյունքում մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել 2։0 հաշվով։
Հայաստանի թիմի կազմում իրենց հարվածներն անվրեպ են իրացրել Մաքսիմ Կուզնեցովը և Վալենտին Կովալենկոն։ Հանդիպման լավագույն խաղացողներից մեկը Հայաստանի հավաքականի դարպասապահ Արտյոմ Պուտուլյանն էր, որը երկու հարված հետ է մղել, ինչպես նաև շատ վստահ գործել ամբողջ խաղի ընթացքում։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Առաջին տուրում Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 24:3 հաշվով ջախջախել էր Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: