Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Հուրգադայում ԻՊ-ի հրամանով հայ և այլ ազգի զբոսաշրջիկների վրա հարձակվողի ինքնությունը (լուսանկարներ)

15 Հուլիս, 2017 22:15
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Հուրգադայում ԻՊ-ի հրամանով հայ և այլ ազգի զբոսաշրջիկների վրա հարձակվողի ինքնությունը (լուսանկարներ)

Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հանգստավայրերից մեկում զինված հարձակում իրականացնողը Աբդուլ Ռահման Շամս Շաաբանն է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով եգիպտական աղբյուրներին:  

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով` նա Կաֆր ալ-Շեյխ նահանգի 28-ամյա բնակիչ է, ով ավարտել է խոշորագույն սուննիական համալսարանի առևտրի ֆակուլտետը: 

Ուսանողական տարիներին տարբեր աշխատանքներ է կատարել Հուրգադայում, իսկ ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է որպես հաշվապահ Սաուդյան Արաբիայում: 

Bild պարբերականի հաղորդմամբ` Հուրգադայում հայ և այլ ազգի զբոսաշրջիկների վրա հարձակում իրականացրած անձը կապ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և հենց նրանցից է հրաման ստացել հարձակվել արտասահմանցիների վրա:   

Հիշեցնենք, որ Sunny Days El Palacio Resort հյուրանոցում հուլիսի 14-ին իրականացված հարձակման հետևանքով 2 գերմանացի զբոսաշրջիկ է զոհվել, 4 հոգի վիրավորվել է, որոնց թվում` 2 ՀՀ քաղաքացի: Նրանցից մեկին այսօր վիրահատել են, և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսին դուրս են գրել:

 

Լրահոս

Դիտել ավելին