Կարևոր իրադարձություններ

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը մեկնարկում է նոր փուլ․ հրապարակվել են քաղաքացիների հիմնական պահանջները

26 Դեկտեմբեր, 2025 12:16
«Առաջարկ Հայաստանին» նախագիծը մեկնարկում է նոր փուլ․ հրապարակվել են քաղաքացիների հիմնական պահանջները

Գագիկ Ծառուկյանը հրապարակմամբ անդրադարձել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի ընթացքին՝ նշելով, որ այն տարվա ընթացքում իր ոգևորիչ ճանապարհը սկսել է Հայաստանի քաղաքներում ու գյուղերում, ինչպես նաև սփյուռքի համայնքներում։ Նրա խոսքով՝ քաղաքացիներն ընդունել են նախագիծը որպես իրենց մասնակցության հարթակ՝ ներկայացնելով հազարավոր առաջարկներ տարբեր ոլորտներից և սոցիալական շերտերից։

Ծառուկյանը նշել է, որ ստացված առաջարկները հնարավոր է ամբողջացնել 11 առանցքային ուղղություններով՝ ներքին համերաշխություն, իրական խաղաղություն, խեղճության մերժում, նոր մարդիկ ու նոր գաղափարներ, վերակուսակցական թիմի ձևավորում, արդար բարքեր ու արդար պետություն, խոշոր տնտեսական ծրագրեր, պաշտպանված բիզնես, գյուղի վստահ զարգացում, առողջ սերունդ և թմրամոլության դեմ համատեղ ու անզիջում պայքար։

Նրա փոխանցմամբ՝ նոր տարվա առաջին օրերից կմեկնարկի նոր առաջարկների մշակման և հրապարակման փուլը, որոնց իրականացումը էապես կփոխի երկրի մթնոլորտն ու քաղաքացիների բարեկեցության որակը։

Գրառման մեջ Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է նաև գերության մեջ գտնվող հայրենակիցների խնդրին, Արցախի բնակիչների համար տարվող աջակցությանը և Հայ առաքելական եկեղեցու միավորող դերակատարությանը՝ ընդգծելով, որ եկեղեցին կշարունակի մնալ աշխարհասփյուռ հայությանը համախմբող կարևորագույն կենտրոն։

Եզրափակելով՝ Ծառուկյանը նոր տարվա իր գլխավոր մաղթանքն է համարել ներքին խաղաղությունն ու հանրային համերաշխությունը՝ ընդգծելով, որ միայն միասնականությամբ հնարավոր կլինի դնել երկրի վերածննդի և վերակառուցման ամուր հիմքերը։

Լրահոս

Դիտել ավելին