Կարևոր իրադարձություններ

Ռուսական մաֆիան ֆուտբոլային ակումբներ է օգտագործել փողերի լվացման համար. Եվրոպոլ

05 Մայիս, 2016 13:50
Ռուսական մաֆիան ֆուտբոլային ակումբներ է օգտագործել փողերի լվացման համար. Եվրոպոլ

Պորտուգալիայի ոստիկանությունը «Մատրյոշկա» գործողության շրջանակներում քանդել է անդրազգային հանցավոր խումբ՝ բաղկացած հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներից, որոնք զբաղվել են փողերի լվացմամբ՝ օգտագործելով Պորտուգալիայի ֆուտբոլային ակումբները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եվրոպոլին:

Եվրոպական ոստիկանական գործակալության տեղեկությամբ՝ հետաքննությունը տևել է մոտ 1 տարի, նախօրեին իրականացված գործողությանը մասնակցել է Պորտուգալիայի ոստիկանության 70 սպա: Արդյունքում ձերբակալվել են կազմակերպված հանցավոր ցանցի 3 հիմնական անդամները, խուզարկություններ են կատարվել 22 տներում և ընկերություններում, ներառյալ 4 խոշոր ֆուտբոլային ակումբներ:

Առգրավվել է մի քանի հազար եվրո առձեռն գումար: Reuters-ը նշում է, որ խուզարկություններ են կատարվել լիսաբոնյան «Բենֆիկա» և «Սպորտինգ» ակումբներում, նաև Պորտուգալիայի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Լեյրիայում»: Դրա նախագահը՝ ռուս բիզնեսմեն Ալեքսանդր Տոլստիկովը, ձերբակալվել է:

Եվրոպոլում նշում են, որ հանցավոր խումբը գտել է ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող եվրոպական ֆուտբոլային ակումբներ և դրանց օգնել նվիրատվություններով կամ ներդրումներով: Հետո այդպիսի ակումբները գնվել են կեղծ մասնավոր անձանց անունով, որոնց թիկունքում թաքնվել են «օֆշորային գոտիներում և հարկերից խուսափող կարճաժամկետ ֆիրմաների պատկանող հոլդինգ-ընկերությունների անպարզ ցանցերում»:

Ֆուտբոլային ակումբների հաշվի վերահսկողություն սահմանելուց հետո ակումբներն օգտագործվել են փողերի լվացման համար: Խմբավորումը մեքենայություններ է արել նաև խաղերի արդյունքների խաղադրույքների հարցում:

Արդեն հիմա խոսվում է այդ ցանցի՝ Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լատվիայում, Մոլդովայում և Էստոնիայում իրագործված լուրջ, կազմակերպված հանցագործությունների մասնակցության մասին:

Լրահոս

Դիտել ավելին